կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կատարյալ անհեթեթություն է․ վարչապետը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին

Կատարյալ անհեթեթություն է․ վարչապետը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին

Մենք պետք է հասկանանք՝ ինչ գին էինք պատրաստ վճարել պատերազմից խուսափելու համար․ բանակցային գործընթացն, ըստ էության, հասել էր մի կետի, երբ իրականության մեջ, Ղարաբաղի 7 շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց եւ պատերազմից խուսափելու տարբերակը Ղարաբաղի կարգավիճակից հրաժարվելն էր։ Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ պատերազմից ամիսներ առաջ ԶՈւ ԳՇ պետը զգուշացրել է, որ պետք է խուսափել պատերազմից, քանի որ մեր հակառակորդն արդեն միայն Ադրբեջանը չէ, Թուրքիան կարող է ներքաշվել առաջիկա պատերազմի մեջ, արդյո՞ք պետք էր հուլիսյան մարտերը Սարդարապատում ներկայացնել որպես պատմական հաղթանակ, ինչո՞ւ էր ձեր պաշտպանության նախարարն ասում՝ ՛՛նոր պատերազմ, նոր տարածքներ՛՛։

Վարչապետն ասաց. ՛՛Մեզ առաջնորդում էր գիտակցումը, որն այսօր գործնականում ապացուցվում է, որ ցանկացած բան, որն ընդունելի է դառնում Հայաստանի համար, անընդունելի է Ադրբեջանի համար, եւ Ադրբեջանն ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը, եւ իրավիճակը հասել էր մի կետի, երբ պատերազմն անխուսափելի էր՛՛:

Դիտարկմանը, թե  չէ՞ որ թվարկածը պատերազմից խուսափելու փորձեր չէին, այլ ավելի էին սրում իրավիճակը՝ կառավարության ղեկավարը պատասխանեց, որ իրենք փորձում էին տեր կանգնել իրենց իրավունքներին. ՛՛Որովետեւ հակառակն ուղղակի հանձնվելն է, եթե համարում ենք, որ հանձնվելը պատերազմից խուսափելու ճիշտ տարեբարակ է, ուրեմն այո՝ սխալ ենք արել, որ չենք հանձնվել՛՛:

Հարցազրուցավարը հիշեցրեց, թե վարչապետը մեկ ամիս առաջ գրառում էր արել, որ եթե մինչեւ պատերազմը զիջեր շրջանները, իրեն կպիտակավորեին ՛՛Նիկոլ դավաճան՛՛, եւ հարցրեց՝ քանի որ վարչապետն է տիրապետում իրավիճակին, ինքն է ստանում ԶՈւ ԳՇ պետի զեկուցագրերը, արդյոք ավելի ճի՞շտ չէր լինի գնալ այդ քայլին եւ խուսափել ավելի ծանր հետեւանքներից ու մարդկային մեծ կորուստներից։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ՛՛Հուլիսին մեր բանակն անցել է մարտունակության փորձություն, եւ անցել է հաջող։ Իհարկե, մասշտաբները չեն եղել այնպիսին, ինչպիսին եղան հետագայում պատերազմի ընթացքում։ Ինչ վերաբերում է այդ գրառմանը, ասեմ, որ նույնիսկ զիջումների ճանապարհով հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, քանի որ մեզանից պահանջելու էին ավելի մեծ զիջումներ՛՛։

Հարցին, թե  5 շրջանի զիջումը չէ՞ր կանխելու պատերազմը՝ նա բացասական պատասխան տվեց. ՛՛Մենք նորից կանգնելու էինք ավելի վատ կետից պատերազմի մեջ մտնելու առաջ՛՛:

Իսկ հարցին, թե՝ այդ դեպքում խաղաղապահներ չէի՞ն գալու, Փաշինյանը նշեց, որ փաստ չէ, որ այդ պարագայում գալու էին։

՛՛Խաղաղապահները հիմա էլ այնտեղ են, բայց Խծաբերդի համար պատերազմի մեջ չե՞նք։ Խաղաղապահների հետ կապված ամեն ինչ պարզ չէ, նրանց ներկայությունը տարբեր կոնֆիգուրացիաներով կարող էր ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսվել՛՛,-ասաց նա:

Հարցազրուցավարը հիշեցրեց նաև վարչապետի մի խոսք, երբ նա նշել էր, թե մենք կռվել ենք մինչեւ վերջին հնարավոր կետը, մինչդեռ ԶՈւ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ պատերազմը 2-3 օրվա ընթացքում պետք է կանգնեցնել, ուստի չկա՞ այստեղ հակասություն: Այս հարցին ևս Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ։ Դուք մոռանում եք, որ եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություն, եղել է հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը հրադադարի մասին, հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը հրադադարի մասին, հետո ԱՄՆ նախագահի հայտարարությունը հրադադարի մասին, այդ ընթացքում եղել են դիվանագիտական ջանքեր, խոսել եմ ցավոտ փոխզիջումների մասին, հրավիրել եմ ԱԽ նիստ, խոսել այդ մասին, արտախորհրդարանական ուժերին եմ ներկայացրել այդ զիջումների գնով պատերազմը կանգնեցնելու հնաավորությունը։

Այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն․․․ այստեղ էլ ի դեպ, հակասություն կա, մի դեպքում ասվում է, որ Աղդամը, Լաչինը հանձնելը դավաճանություն է, մյուս կողմից՝ ինչո՞ւ շուտ չենք հանձնել ու կանգնեցրել պատերազմը։ Այս մեղադրանքներում էլ կան ներքին հակասություններ։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել զենք ներկրելու ուղղությամբ, որպեսզի համալրենք սպառազինության կորուստները եւ դրանք համալրվել են։ Այսինքն՝ ինչ-որ մի տեղ կանգնեցնել պատերազմը, որը հնարավորություն կտա մեզ հնարավորին բարենպաստ վիճակում։ ԳՇ պետի այդ զեկույցներից հետո արվել են գործողություններ։ Մենք ամեն ինչ արել ենք իրավիճակը փոխելու համար՛՛:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն ասել են, որ նույնիսկ այդ իրավիճակում հնարավոր էր չպարտվել՝ կառավարության ղեկավարն արձագանքեց.

՛՛Եկեք արձանագրենք, որ բոլորն ընդունում են, որ հնարավոր էր չպարտվել։ Այսինքն, մեր ընդդիմախոսների հայտարարություններով դուք պատասխանում եք ձեր հարցին, այսինքն՝ եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չի հանձնվել։ Այս հարցը հույս ունեմ արանքից դուրս եկավ։ Ասում են՝ ես եկել եմ ու բանակը գլխատել եմ, բանակում ոչ մի նոր մարդ չի հայտնվել։ Բոլոր այն մարդիկ, որոնք բանակում զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ եղել են բարձրաստիճան զինվորականներ, ուրիշ տեղից չեն բերվել՛՛:

Անդրադառնալով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի դիտարկմանը, որ պատերազմի 3-րդ օրը վարչապետի հրամանով կասեցվել է բանակի լրահամալրումը, զորակոչ չի հայտարարվել, փոխարենը կամավորների է կոչ արվել մեկնել ռազմաճակատ՝ Փաշինյանն ասաց. ՛՛Դա կատարյալ անհեթեթություն է՛՛:

Նա հավելեց. ՛՛Եթե կա ձայնագրություն՝ թող հրապարակեն։ Հիմա քրեական գործ է հարուցված, չեք հրապարակում՝ տարեք քննչական մարմին ներկայացրեք։ Այդպիսի որոշում չէի կարող կայացնել եւ չեմ կայացրել՛՛:

Վարչապետը նաև հերքեց այն տեղեկությունը, թե ինքը հրաման է տվել գրավել Լելե թեփե բարձունքը, որը հակառակորդին էր անցել 2016-ի Ապրիլյան պատերազմում։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե շքերթի ժամանակ Ալիեւը հայտարարում է Զանգեզուրի, Սեւանի, Երեւանի՝ ադրբեջանական պատկանելության մասին, իսկ Հայաստանում իր քաղաքական թիմի անդամները խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ Փաշինյանն ասաց. ՛՛Ադրբեջանը տասնամյակներով խոսում է այդ մասին։ Մի դեպքում մեր ընդդիմախոսներն ասում են՝ ինչու չենք կարգավորել հարաբերությունները, մյուս դեպքում՝ ինչի ենք խոսում այդ հարաբերությունները կարգավորելու մասին՛՛։

 

  • Կիսվել: