ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջերմուկի ուղղությամբ ներթափանցած ադրբեջանական խմբերը շարունակում են մնալ այնտեղ․ պատգամավոր

Ջերմուկի ուղղությամբ ներթափանցած ադրբեջանական խմբերը շարունակում են մնալ այնտեղ․ պատգամավոր

Սահմանին այս պահին հարաբերական անդորր է, երբեմն սադրանքներ իրականացնում են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Թշնամին փորձելու է անընդհատ իր օրակարգն առաջ տանել՝ կլինի միջանցքի հարցով, թե այլ հարցով։ Արվող գործողությունները բազմաբնույթ են եւ բազմաշերտ՝ սկսած անվտանգային հարցերից, ավարտած՝ դիվանագիտականով՛՛:

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե պատերազմից հետո ինչո՞ւ բնագիծ չկա, պատգամավորը պատասխանեց. ՛՛Այո, Արցախում երկրորդ, երրորդ շերտ բնագծեր չեն եղել։ Պատերազմից հետո սահմանային ծավալները ամբողջապես փոխվել են, եւ բնագծերը նոր են սկսել կառուցվել։ Բավականին մեծ աշխատանք է իրականացվել, այդ թվում՝ ինժեներական՛՛։

Խաչատրյանը խոսեց նաեւ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում Իշխանասարի դիրքերից մեկում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողներին գնդակահարելու մասին: Նա նշեց. ՛՛Անհամաչափ ուժերի արդյունքում։ Այսօր Ադրբեջանի նկատմամբ մեր ուժերն անհամաչափ են՛՛։

Անդրադառնալով ադրբեջանական խմբերի՝ Ջերմուկում շրջափակման մեջ գտնվելուն՝ Խաչատրյանն ասաց, որ խմբերը շարունակում են մնալ այնտեղ. ՛՛Ջերմուկի հատվածում, որտեղ  ներթափանցել են, հիմնականում այդ դիրքերն էլ զբաղեցնում են։ Այդ պատճառով մեր դիվանագիտական կորպուսը ամբողջությամբ աշխատում է, որպեսզի այդ օկուպացված տարածքները մեկ օր առաջ լքեն։ Թշնամիները շրջափակման մեջ են, թե ոչ՝ էական չէ այդքան։ Երբ մարտական գործողությունների անհրաժեշտություն լինի վարել, այդքան էլ հաշվի չի առնվելու՝ ով է շրջափակման մեջ, ով՝ ոչ. արվելու է բոլորի հանդեպ, բոլորի, նրանք, ովքեր օկուպացրել են մեր տարածքները, բայց դա չպետք է ծնի լայնածավալ մարտական գործողություններ՛՛։

  • Կիսվել: