հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իշխող խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեց, նիստը չկայացավ

Իշխող խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեց, նիստը չկայացավ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ևս հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց։

Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի հարցը: Իշխող խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել: Նշանակում է՝ օրակարգում մենք հարց չունենք»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց. «Մինչ դա մեր իրավաբանները երևի մեզ կհուշեն, թե ինչ իրավակարգավորմամբ այդ ձևական մասը կանցկացնենք»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի վերջին նիստերին «Հայաստան» խմբակցությունը որևէ մեկի թեկնածությունը չէր առաջադրել՝ պնդելով , որ իրենց թեկնածուին արդեն իսկ առաջադրել են և վերաառաջադրման պահանջ չկա, Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է:

Սակայն հետո հանձնաժողովի նիստում Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի:

  • Կիսվել: