հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրավիճակը Սյունիքի մարզի պետական սահմանի հատվածում կայուն է. Արտակ Դավթյան

Իրավիճակը Սյունիքի մարզի պետական սահմանի հատվածում կայուն է. Արտակ Դավթյան

«Սահմանամերձ բոլոր բնակավայրերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ: Նրանց խնդիրները հստակեցվել են: Նաև նշանակվել են պատասխանատուներ, ովքեր համագործակցում են ռազմական կառույցների հետ»,- «Սյունյաց երկիր» թերթի հետ զրույցում  ասել է Սյունիքի պաշտպանական աշխատանքները համակարգող, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ 

Նա նշել է, որ ինքնապաշտպանական ջոկատներն ապահովված են բոլոր այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրները կատարելու համար, այդ ջոկատներն արդեն իսկ իրականացնում են միջոցառումներ, որոնք նպաստում են մեր զինված ուժերին՝ կատարելու իրենց խնդիրները:

«Կարող եմ փաստել՝ մարզի բնակչության շրջանում կա այդ ամենի պատշաճ գիտակցում, իսկ ջոկատներում՝ իրենց տեղի ու դերի, նաեւ խնդիրների հստակ ըմբռնում:

Միևնույն ժամանակ՝ կան բնակավայրեր՝ ոչ սահմանամերձ, որտեղ դեռեւս չեն հասկացել պահի ու խնդրի լրջությունը՝ համարելով, որ դա իրենց գյուղին չի առնչվում, քանզի գյուղը սահմանից հեռու է:

Անտարակույս, սխալ մտածելակերպ է. երկիրը ճակատագրական օրեր է ապրում, եւ առկա խնդիրները վերաբերում են ամեն մի բնակավայրի ու յուրաքանչյուր քաղաքացու, ինչը, կարծում եմ, նկատի կունենան այդ գյուղերում»,- ասել է նա։ 

Ա. Դավթյանն ընդգծել է, որ իրավիճակը պետական սահմանի այդ հատվածում կայուն է, համենայնդեպս վերջին շրջանում տվյալ ուղղությամբ որևէ կրակոց և սահմանախախտում չի ֆիքսվել:

Հարցին՝ համագործակցո՞ւմ եք Ռուսաստանի Դաշնության՝ Մեղրիում տեղաբաշխված սահմանապահ ջոկատի հետ, արդյո՞ք  Հայաստան-Իրան պետական սահմանի պաշտպանությունից զատ այլ գործառույթներ չունի այդ զորամասը, նա պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ջոկատը շարունակում է կատարել իրեն վերապահված գործառույթները՝ համաձայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համապատասխան պայմանագրի: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, քննարկում ենք նաեւ համագործակցության հարցեր»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: