երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իր վիրավոր մարմինը արյունարբու թուրքին գերի չհանձնելու համար վերջին փամփուշտով կնքեց իր անմահությունը. հորաքրոջ գրառումը՝ հերոսաբար ընկած Նարեկ Բադալյանի մասին

Իր վիրավոր մարմինը արյունարբու թուրքին գերի չհանձնելու համար վերջին փամփուշտով կնքեց իր անմահությունը. հորաքրոջ գրառումը՝ հերոսաբար ընկած Նարեկ Բադալյանի մասին

Արցախյան պատերազմում հերոսաբար ընկած Նարեկ Բադալյանի հորաքույրը՝ Նուննե Բադալյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նարեկի մասին:
 
Նունե Բադալյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում։ Սկզբում Հադրութում էր, այնուհետև՝ Շուշիում։ Մասնակցել է թշնամու դեմ մղված կատաղի մարտերին։
 
Հնարավորության դեպքում զանգահարում էր և առույգ ու կայտառ ձայնով տեղեկացնում, որ լավ է, որ հաղթում են։
 
Երբ իմացավ, որ հայրը՝ իբրև կամավորական , նույնպես Արցախում է և ուզում է լինել իր կողքին, նեղվեց, նեղսրտեց.
 
_ Ես կթուլանամ։ Հորս պաշտպանեմ, թե...
 
Վերջին անգամ զանգահարեց Շուշիի մատույցներից.
 
_Յու՜ր, ոտքից վիրավոր եմ, ապե՜ր, զանգել եմ՝ հրաժեշտ տամ։
 
_Նա՜ր, ախպե՜րս, դիմացի՜ր, տղերքը կգան...
 
_ Չէ՜, Յու՜ր, շրջապատված եմ։ Դեմից թուրքեր են, հետևից՝ թուրքեր։ Յու՜ր ջան, իմ կողմից բոլորին "հաջող" կանես, կասես, որ ես իրանց շատ եմ սիրում...
 
Ու լռություն։ Ծանր, անամոք լռություն, դաժան լռություն։ Այլևս զանգերին չէր պատասխանում։
Նրան ողջ գտնելու հույսով լի՝ եղբայրները, ընկերները, հարազատները օրեր շարունակ փնտրեցին նրան, գնացին Ստեփանակերտ....
 
Նարեկը չեկավ...
 
Նարեկին բերեցին....
 
Հետո իմացանք, որ բեկորից վիրավորվել է ծնկի հատվածում, փորձել է արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կապել ոտքը։ Պայքարել է մինչև վերջ, նետել վերջին նռնակը։
Իր վիրավոր մարմինը արյունարբու թուրքին գերի չհանձնելու համար, իրեն գլխատելու, մարմինը լլկելու հաճույքը թուրքին չպատճառելու համար վերջին փամփուշտով կնքել է իր... անմահությունը....
 
Ճանաչե՜ք և հիշե՜ք մեր հերոս որդուն՛՛:
 
 
 

  • Կիսվել: