կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան․ մասնակցել է 44–օրյա պատերազմին, 2022թ․ սեպտեմբերյան ռազմական գործողություններին

Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան․ մասնակցել է 44–օրյա պատերազմին, 2022թ․ սեպտեմբերյան ռազմական գործողություններին

«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայում վերապատրաստման կուրսեր էր անցել»,-Aravot.am-ին պատմել է սեպտեմբերի 2-ին պայթյունի հետեւանքով մահացած մայոր Արման Բաբաջանյանի ազգականը՝ Գոռ Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններումինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը եւ զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը։

Ըստ ականատեսների՝ պայթուցիկ նյութը տեղադրել են քարե ժայռերի մեջ, որից հետո փորձել են հեռակառավարման վահանակով կարգավորել գործողությունները։ Սակայն տեսնելով, որ չի պայթում, մոտեցել են այդ հատվածին, եւ այդ ժամանակ սարքն աշխատել է՝ տեղի է ունեցել պայթյուն։ Արման Բաբաջանյանը Սիսիանից է, 32 տարեկան։ Ամուսնացած է, ունի երեք տղա, որից երկուսը դպրոցական է, մեկը մանկապարտեզ է հաճախում։ Ավագ որդին 10 տարեկան է։

«Օգոստոսի 31-ին եկավ, կնոջն ու երեխաներին Սիսիանից տարավ Գորիս։ Արձակուրդին կինն ու երեխաները Սիսիան էին եկել, գործի բերումով վարձակալությամբ Գորիս էի մնում։ Պատահական հանդիպեցի՝ շտապում էր, ասաց՝ դիրքեր պիտի բարձրանամ, մի շաբաթ-կիրակի կգամ՝ հանգիստ կխոսանք»,-պատմել է Գոռը։

Ռազմական գործողությունների ժամանակ միշտ թեժ կետերում էր՝ 44–օրյա պատերազմին ու 2022թ․ սեպտեմբերյան ռազմական գործողություններին է մասնակցել։ Հարազատներին միշտ հորդորում էր՝ չանհանգստանալ, եթե օրերով չզանգի։

«Հո դիրքերում պարապ չե՞նք, որ զանգեմ անընդհատ։ Անհոգ մնացեք, ինձ բան չի լինի, մի տեղով դուրս կպրծնեմ՝ կգամ տուն»,-միշտ ասում էր Արմանը։

  • Կիսվել: