հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ի՞նչ զինատեսակներ է ձեռք բերել ՀՀ Պն-ն վերջին տարիներին, որքանո՞վ են դրանք եղել էֆեկտիվ, և որքանո՞վ են շրջանառվող մեղադրանքները համապատասխանում իրականությանը. աղբյուր

Ի՞նչ զինատեսակներ է ձեռք բերել ՀՀ Պն-ն վերջին տարիներին, որքանո՞վ են դրանք եղել էֆեկտիվ, և որքանո՞վ են շրջանառվող մեղադրանքները համապատասխանում իրականությանը. աղբյուր

Վերջին օրերին համացանցում լայն տարածում գտան լուրեր այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն վերջին երկու տարում կատարել է անարդարացված բազում գործարքներ, որոնց արդյունքում Հայաստանը շուկայականից թանկ գներով ձեռք է բերել կամ անորակ ու հին, կամ ոչ պետքական զենք և զինամթերք: Նշվում է, որ գործարքները հիմնականում կնքվել են հայազգի գործարար Դավիթ Գալստյանի հետ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և փոխնախարար Մակար Ղամբարյանի հովանու ներքո և ունեցել են «կոռուպցիոն բնույթ»:

Հասկանալու համար ներկայացված «մեղադրանքների» իսկությունը InfoPort.am-ը զրուցել է պաշտպանական համակարգում իր աղբյուրների հետ:

-Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ ՊՆ-ն գնել է մեծ քանակությամբ 23 մմ փամփուշտներ, սակայն, ըստ այդ նույն լուրերի, դրանք հայկական ԶՈՒ-ին ընդհանրապես պետք չեն, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Ասելու առանձնապես բան չկա, քանզի ռազմական ոլորտից հասկացող յուրաքանչյուր ոք կփաստի, որ այդ տրամաչափի փամփուշտները կիրառելի են, ավելին դրանց պահանջարկը ՀՀ ԶՈՒ-ն շատ ունի:

-Ըստ այդ նույն լուրերի ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել նաև հակատանկային «Կոնկուրս» համալիրներ, որոնք համաձայն նույն կարծիքների, էֆեկտիվ ու անհրաժեշտ միջոցներ չեն, այս առնչությամբ ի՞նչ կասեք:

-Դարձյալ պետք է չհամաձայնեմ ներկայացված կարծիքներին, քանզի նշված համալիրները ավելի էֆեկտիվ են, քան նույն «Fagot-ները» և փոխկիրառելի դրանց հետ: Ավելին դրանց համատեղ կիրառումը «Fagot-ների» թռիչքի երկարությունը զգալիորեն ավելացնում է:

-Եվս մի տվյալ այդ շարքից` Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից գնել է 20 մմ զենիթային հրանոթներ, որոնք ըստ նույն աղբյուրների եղել են խոտան և անաշխատ վիճակում և նույնիսկ չեն էլ կիրառվել: Այս կապակցությամբ որևէ տեղեկություն ունե՞ք:

-Այո, ըստ իմ տվյալների, այդ համակարգերը ՊՆ-ն դեռ 1-1,5 տարի առաջ է ձեռք բերել մեծ քանակությամբ, և դրանք ոչ միայն խոտան չեն եղել, այլև լավագույնս դրսևորել են իրենց վերջին պատերազմում: Ավելին ՊՆ-ն և ՊԲ-ն մատակարար ընկերությունից փորձել է ձեռք բերել այդ համակարգերի նոր խմբաքանակ, քանզի դրանք դրոնների դեմ պայքարում ամենա էժան և բավականին էֆֆեկտիվ միջոցներ են, սակայն, ըստ իմ տվյալների,  մատակարար ընկերությունը այլևս չի ունեցել այդ զինատեսակից:

-Դուք տեղյա՞կ եք, ՀՀ ՊՆ-ն հին արկեր առևտրային գործարքներով ձեռք բերում է թե՞ ոչ, որովհետև, ըստ շրջանառվող լուրերի, ՊՆ-ն ձեռք է բերել հին արկեր, ընդ որում նույնիսկ ավելի բարձր գնով, քան դրանց նոր տարբերակները` $1500:

-Դա կոնկրետ կեղծիք է` ՀՀ ՊՆ երբեք հին արկեր չի գնել, դրանք տարիներ շարունակ մեզ նվիրաբերել է Ռուսաստանի ՊՆ-ն: Փաստացի տեղի է ունենում բացահայտ մանիպուլյացիա` փորձ անելով նվիրատվություն ստացած զենքը ներկայացնել որպես առևտրային գործարքի միջոցով գնված: Ինչ վերաբերվում է շրջանառվող $1500 գնին, ապա դա աբսուրդի ժանրից է, ՀՀ ՊՆ-ն բոլորովին նոր արկերը ձեռք է բերում Ձեր կողմից նշված գնից մոտ 2,5 անգամ ցածր գնով:    

Խոսք է գնում $3,5 մլն փոխառության միջոցով գործարար Դավիթ Գալստյանից հին և անպիտան զենք գնելու մասին, այս առնչությամբ ի՞նչ կասեք:  

-Ըստ օրենսդրության մեջ տեղ գտած նոր կարգավորումների արտաբյուջետային միջոցներից այլևս հնարավոր չէ կանխավճարային եղանակով զենք գնել, ուստի պատերազմի ժամանակ առաջացած զենք ձեռքբերելու ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով որոշում է կայացվել զենքը գնել փոխառությունների միջոցով: Իսկ ընդհանրապես հասկացող մարդու համար մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե նշեմ, որ պատերազմի օրերին Հայաստանը զենք է գնել բոլոր հնարավոր միջոցներով` բյուջետային, արտաբյուջետային, փոխառությամբ, նվիրատվությամբ: Ձեռք են բերվել բոլոր այն զինատեսակները, որոնք հնարավոր է եղել ձեռք բերել` հին, նոր, ամեն տեսակի: Զինվել ենք ոնց հնարավոր է և ինչով հնարավոր է: Եվ այս առումով մանիպուլիացիաները առնվազն ազնիվ չեն:     

  • Կիսվել: