չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՌՕ ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարական կազմը թռիչքներ կիրականացնի ՀՀ–ում

ՀՌՕ ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարական կազմը թռիչքներ կիրականացնի ՀՀ–ում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարական կազմը ամառային ուսումնական շրջանի մեկնարկին կմասնակցի հրամանատարական թռիչքների: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
«Միջոցառումների հիմնական խնդիրը լինելու է ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների, Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների յուրացման գործում երիտասարդ անձնակազմի ուսուցման մեթոդիկայի մշակումը՝ թռիչքային պատրաստության դասընթացի առավել բարդ վարժությունների կատարման ժամանակ», - նշված է հաղորդագրության մեջ:
 
Նախատեսվում է նաև բարդ և բարձրագույն օդավարության տարրեր մշակել տարբեր բարձրություններում, այդ թվում՝ գերցածր մակարդակում:
 
Նշվում է, որ հրամանատարական թռիչքներն ավանդաբար անցկացվելու են ուսումնական շրջանի սկզբում, դրանցում ներգրավվելու է միայն ավիացիոն ստորաբաժանումների ղեկավար կազմը:
ՀՌՕ–ից նաև հայտնում են, որ ռազմակայանի զինծառայողները ավարտել են բարձրլեռնային զորավարժարաններում հրաձգարանների վերանորոգման և սպասարկման պլանային աշխատանքները՝ ամառային ուսումնական շրջանում պարապմունքներ անցկացնելու համար: Օրվա մութ ժամերին պարապմունքներն անցկացնելու համար թիրախային համալիրները զինվել են լուսադիոդներով և լուսավորությամբ։

  • Կիսվել: