հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հոկտեմբերի 10-ին հակառակորդն ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապանի ՀՕՊ ստորաբաժանումներին․ կան անձնակազմի կորուստներ, սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում

Հոկտեմբերի 10-ին հակառակորդն ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապանի ՀՕՊ ստորաբաժանումներին․ կան անձնակազմի կորուստներ, սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում

Հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ներով երկու անգամ հարված է հասցրել Կապան քաղաքի օդային պաշտպանությունն իրականացնող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին, որի արդյունքում ունենք անձնակազմի կորուստներ, կա նաև սպառազինության՝ ռազմական տեխնիկայի ոչնչացում։ Այս մասին ասուլիսում հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ չեն հասցրել՝ Մովսեսյանը նշեց, որ դրանք սուտ են:

«Առաջին իսկ օրվանից հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, հետագա օրերին նաև Սյունիքի մարզի ուղղությամբ, որոնց արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ»,-ասաց նա

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի զինանոցում կան թուրքական, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և արդյոք կիրառվել են, Մովսեսյանը պատասխանեց՝ այո, կան:

«Հիմնականում իրենց սպառազինությունում այդ երկու պետությունների ԱԹՍ-ներն են»,-ասաց Մովսեսյանը:

Մասնավորապես, նա անդրադարձավ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ների ն, որոնք կարող ենք մինչև 12 հազար մետր բարձրության վրա թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն, երկար ժամանակ մնալ օդում և  ուղղորդել կրակային միջոցներին:

 

  • Կիսվել: