հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին

ՀՀ ԶՈւ–ն կարող է ստուգել տեղեկությունը. Անդրանիկ Քոչարյանը` հնարավոր նոր սադրանքի մասին

Զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի։ Անհրաժեշտության դեպքում էլ պետք է գտնվեն այն ռեսուրսները և կառավարման հնարավորությունները, որոնք կկանխեն նման զարգացումները։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ թշնամին նոր սադրանքի է պատրաստվում, այս անգամ արդեն՝ Նախիջևանի ուղղությամբ։
Քոչարյանը հավելեց նաև, որ զգոնությունը կորցնել պետք չէ։
 
Նշենք, որ Հայաստանի դիմումի համաձայն հրավիրված ՄԱԿ–ի ԱԽ նիստում երեկ ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։
 
«Հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը մտադիր է ընդլայնել հարձակման աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի կողմից, իր նպատակին հասնելու և Հայաստանով էքստերիտորիալ միջանցք բացելու համար», – հայտարարեց Մարգարյանը։
Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ–ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

  • Կիսվել: