ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ-ի կարիքների ապահովման հարցը մնում է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

ՀՀ ԶՈւ-ի կարիքների ապահովման հարցը մնում է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

ՀՀ զինված ուժերի կարիքների ապահովման հարցը մնում է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական և կրակային դիրքեր։

Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։ Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։

Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների՝ պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։

Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր։

Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։

Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։

Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։

  • Կիսվել: