հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ Զինված ուժերը հետ են մղել 100 հոգու կազմով դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով Ադրբեջանը ունի զոհեր, կորցրել է տեխնիկա․ Վարչապետ

ՀՀ Զինված ուժերը հետ են մղել 100 հոգու կազմով դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով Ադրբեջանը ունի զոհեր, կորցրել է տեխնիկա․ Վարչապետ

Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով դիվերսիոն հարձակում են գործել ՀՀ Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ» դիրքը գրավելու նպատակով, այսօր կառավարության նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ, դիրքը գտնվում է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ։

«Հայոց բանակի զինվորները նկատելով հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր ու վիրավորներ, կորցնելով տեխնիկա», - ներկայացեց Փաշինյանը։

Նրա փոխանցմամբ, այնուհետև, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղները։

Զուգահեռ, ըստ վարչապետի, գրոհներ են ձեռնարկվել «Անվախ»  դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։

«Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձանագրեմ նաև, որ սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: