չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի առթիվ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում ընդունելություն է անցկացվել

ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի առթիվ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունում ընդունելություն է անցկացվել

Փետրվարի 18-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

Ընդունելությանը ներկա էին Ռուսաստանի ԱԳՆ, զինված ուժերի ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, օտարերկրյա պետությունների դեսպանություններին կից ռազմական կցորդներ և Մոսկվայի հայ համայնքի գործիչներ:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ելույթ ունենալով միջոցառմանը, նշել է բանակի բացառիկ դերը հայոց պետականության ամրապնդման, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում, անդրադարձել տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաեւ կարեւորել է Հանրապետության զինված ուժերի շարունակական արդիականացումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորել է Ռուսաստանի և նրա խաղաղապահ առաքելության առանցքային դերը տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությանը:

"Ես վստահ եմ, որ մեր պետությունների միջև ինտենսիվ համագործակցությունը հետագայում ևս արդյունավետորեն կշարունակվի։ Դրան, անշուշտ, նպաստում է մեր երկրների միջև ռազմաքաղաքական երկխոսությունը։ Նշեմ, որ Հայաստանը, ի դեմս իր բարձրագույն ղեկավարության, առանձնահատուկ կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմական համագործակցության ողջ ներուժի զարգացմանը, այդ թվում՝ Հանրապետության զինված ուժերի արդիականացման ընթացիկ համատեղ աշխատանքներին", - նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանն անդրադարձել է ընթացիկ ռազմատեխնիկական համագործակցության առանձին ասպեկտներին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին հետեւողական համագործակցության համար:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուևսկին։
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Վ.Հարությունյանը մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ տարբեր գերատեսչությունների գործընկերների և միջոցառմանը ներկա պաշտոնական ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: