կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների

ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան, հայտնում են ՊՆ-ից:

՛՛Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զինվորական կոմիսարիատները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներին ներգրավված բոլոր քաղաքացիներին պատշաճ կարգով ծանոթացնում են իրենց իրավունքներին և պարտականություններին, այդ թվում նաև՝ նրանց վերաբերյալ կայացված եզրակացությունների և որոշումների բողոքարկման կարգին։

Նշված գործընթացի շրջանակում քաղաքացիները տեղեկացվում են նաև այն մասին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքներ ներկայացնելը մինչև այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Պետության անվտանգությունն ապահովելու առումով կարևորագույն միջոցառում հանդիսացող պարտադիր զինվորական ծառայության՝ զորակոչի գործընթացը չստվերելու և այն գործող իրավակարգավորումների պահանջների համաձայն ու թափանցիկ իրականացվելու մասով հասարակության մեջ անվստահություն չսերմանելու նպատակով հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական փորձաքննության վերաբերյալ հրապարակումներ անելիս զերծ մնալ անանուն և չճշտված տեղեկությունների տարածումից, ինչպես նաև այդ տեղեկությունները տրամադրող անձանցից ստանալ և պաշտպանության նախարարությանը փոխանցել քաղաքացու առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու համաձայնություն, ինչի արդյունքում կհաստատվի քաղաքացու պատշաճ կարգով հետազոտված և սահմանված կարգի համաձայն փորձաքննված լինելու հանգամանքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: