երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն գիտակցում է բանակի կարգապահության խնդրի մասշտաբն ու բովանդակությունը. նախարար

ՀՀ ՊՆ-ն գիտակցում է բանակի կարգապահության խնդրի մասշտաբն ու բովանդակությունը. նախարար

Հայաստանի ռազմական ղեկավարությունը գիտակցում է բանակի կարգապահության մասշտաբն ու բովանդակությունը։ Այս մասին Ազգային ժողովում,  պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Դրանց լուծման համար, նշել է նախարարը, երկարաժամկետ միջոցներ են նախաձեռնվում։

Նրա խոսքով՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը կրում է գլոբալ բնույթ։ «Արատավոր երեւույթների մի մասը քոչել է բանակ հասարակությունից, մի մասը կրում է  տեղական բնույթ եւ անմիջականորեն կապված է զինված ուժերի հետ»,- ասել է Պապիկյանը։

Իսկ հարցի լուծումը, նրա կարծիքով, պետք է ընդգրկի փոխկապակցված խնդիրների մի ամբողջ շարք։ Դա վերաբերում է ե՛ւ սպայական կազմի պատշաճ պատրաստմանը, ե՛ւ որակյալ սերժանտական համակարգի ներդրմանը։ «Պաշտպանության նախարարության ղեկավարությունն արդեն զբաղվում է  պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրմամբ։ Դա կօգնի թեթեւացնել զինծառայողների հետ աշխատանքը, ինչպես նաեւ կնպաստի դասակների հրամանատարների աշխատանքին։ Կխստացվեն նաեւ որոշ այլ հարցեր։ Այս բոլոր միջոցները կոչված են բանակում կարգապահությունը բարձրացնելու նպատակին։

Չնայած առաջին հայացքից բանակում խնդիրները չեն նվազել, բայց, երբ նայում ենք թվերով, 2021-ի նկատմամբ 2022-ին  դեպքերի, պատահարների ու հանցագործությունների էական նվազում  կա, որը, իհարկե, բավարար չէ․ կարծում եմ՝ խնդիրներն այսօր այնքան շատ են, որ մենք  չենք կարող խոսել դրականի մասին, բայց նաև հսկայական աշխատանք է արվում ու շարունակվելու է»,- ընդգծեց նախարարը։

  • Կիսվել: