շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի. Պաշտպանության նախարար

ՀՀ-ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի. Պաշտպանության նախարար

Շատ կարևոր է, որ մենք սրան նայենք որպես ՀՀ-ի շուրջ խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործիք: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

«ՀՀ-ն որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի: ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է և մեր բանակը դառնում է որպես պրոֆեսիոնալ բանակ»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ տվյալ պարագայում էական է, որ պրոֆեսիոնալիզմը զինվորականության մեջ լինի գերակա: Պապիկյանն ընդգծեց, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շրջանակներում ներկայացրած վճարները ստանալու են միայն այն անձինք, «ովքեր համապատասխանում են պրոֆեսիոնալ զինվորի մեր պատկերացումներին: Դրանք սևով սպիտակի վրա գրված կլինեն»: Պաշտպանության նախարարը նշեց, որ առաջիկայում կառավարության որոշում կլինի, թե ինչպիսին պետք է լինեն այդ չափորոշիչները:

«Եվ որ ամենակարևորն է, բանակում ծառայելուց հետո հաճախ մեր քաղաքացիների առաջ ծառանում է այն հարցը, թե ինչով զբաղվել, այդ թվում նաև գնալ արտերկիր արտագնա աշխատանքի, սա ռեալ հնարավորություն է, որ 18-ամյա երիտասարդը կարողանա վաստակել էական գումար և մասնագիտություն՝ պրոֆեսիոնալ զինվորական դառնալու ճանապարհին: Հետագայում սերժանտական դպրոցի ներդրումը նրան աճելու հնարավորություն կտա, մեր նոր նախագիծը նրան հնարավորություն կտա սպայական շարքերը համալրելու: Այսինքն, բավականին լավ միջավայր՝ կրթություն ստանալու, պրոֆեսիոնալ դառնալու, արժանապատիվ վաստակելու համար: Մասնավորապես, սահմանային հատվածի մեր քաղաքների, գյուղերի բնակիչների համար սա կարող է շատ լավ պայման հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ նրանք կծառայեն իրենց բնակավայրին մոտ»,-ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: