ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ն 122 տոկոսով կմեծացնի ռազմական արդյունաբերության ծախսերը

ՀՀ-ն 122 տոկոսով կմեծացնի ռազմական արդյունաբերության ծախսերը

Համաձայն 2020 թ. պետբյուջեի նախագծի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի գրեթե 12.4 մլրդ դրամ: Դրա շնորհիվ եկող տարի ռազմական արդյունաբերության կարիքների համար նախատեսված ծախսերը կմեծանան 122 տոկոսով՝ հասնելով 6.3 մլրդ դրամի:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ այս միջոցների մի մասը կուղղվի գիտահետազոտական և հետազոտական-կոնստրուկտորական ծրագրերի, իսկ մյուսը՝ արտադրական կարողությունների զարգացմանը:

2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է նաև պաշտպանական ծախսերի զգալի մեծացում: Այսպես, համեմատած նախորդ տարվա հետ՝ պաշտպանական ծախսերի աճը կկազմի 25.3 տոկոս: Նշենք, որ 2019 թ. երկրի պաշտպանության համար հատկացվել էր 609 մլն դոլար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Կառավարությունում անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով.

Դուք գիտեք, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված ռազմարդյունաբերական համալիրի հետ, մասնավորապես՝ փոխվել են Ռազմարդյունաբերական կոմիտեի իրավասությունները, և այն ՊՆ-ից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին՝ այս ընթացքում տարված աշխատանքների համար:

Ցանկանում եմ հաջողություն մաղթել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարին և հույս հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունները կօգնեն մեզ հասնել զգալի փոփոխությունների՝ այս ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտում՝ արդեն իսկ եղած արդյունքների և տարված աշխատանքի հիման վրա, քանի որ այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և, իհարկե, դրա կարևորությունը բացատրելու անհրաժեշտություն չկա:

Հանդիպման ժամանակ ելույթով հանդես է եկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվել են հարցեր՝ կապված ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության միջև պրակտիկ կապի հետ:

Հավանության է արժանացել հատուկ գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների՝ 2020 թ. պետպատվերի ցանկը:

  • Կիսվել: