ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցավոր անտարբերության մեղավորներին. Սերժ Սարգսյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցավոր անտարբերության մեղավորներին. Սերժ Սարգսյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին, վիրավոր զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով:

ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման դատարկ ճոռոմաբանությունների համատեքստում:

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել է Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն. նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

  • Կիսվել: