Հայոց բանակը մեր պետականության պահպանման, մեր ինքնիշխանության, մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է. Արմավիրի մարզպետ
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Սիրելի՛ հայրենակիցներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայոց բանակը մեր պետականության պահպանման, մեր ինքնիշխանության, մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է, ստեղծագործ հայ ժողովրդի խաղաղ առօրյայի ու մեր մշակութային եզակիության երաշխավորն է։
Հայոց բանակի 32-ամյա հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր քաջարի զինվորներին, հրամանատարներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում:
Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր զինվորներին, մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին:
Մեր զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, նրանց ծնողներին՝ համբերություն, հանրապետության սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:
Խոնարհումով ենք հիշում ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության խրամատում:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին և կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը՛՛: