ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 «Հայկական ժամանակ». Ավանի հոգեբուժարանում, հենց տեղափոխվելու օրը, ծեծի է ենթարկվել, անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել

«Հայկական ժամանակ». Ավանի հոգեբուժարանում, հենց տեղափոխվելու օրը, ծեծի է ենթարկվել, անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ապրիլյան պատերազմի մասնակից, նախկինում պայմանագրային զինծառայող 35-ամյա Հովհաննեսն Ավանի հոգեբուժարանում ծեծի է ենթարկվել, ապա անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել եւ առանց որեւէ մեկի օգնության տեղափոխվել հիվանդասենյակ: Հովհաննեսի եղբոր՝ Արթուրի խոսքով՝ տղամարդն ապրիլի 28-ին էր տեղափոխվել Ավանի հոգեբուժարան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց նույն օրը՝ այնտեղ հայտնվելու առաջին 30 րոպեների ընթացքում:

Արթուրի խոսքով՝ եղբայրը ծեծի է ենթարկվել սպասարկող անձնակազմի երկու տղամարդկանց կողմից: Ըստ մեր զրուցակցի պատմածի՝ այդ երկու աշխատակիցները մեկ այլ հիվանդի վրա են գոռգռացել ու անբարո խոսքեր ասել, որին միջամտել է Հովհաննեսը, եւ կռիվ է սկսվել: Նշեց, որ երբ Հովհաննեսին ծեծել են, նա ուշագնաց է եղել: Բերանքսիվայր արնաշաղախ ընկած է եղել գետնին, բայց այդ վիճակում նրան թողել են: Ոչ ոք նրան որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Ապա հաջորդ օրը ծեծի ենթարկող տղամարդկանցից մեկը՝ Թեւան անունով աշխատակիցը, մարդիկ է ուղարկել Հովհաննեսի մոտ, որպեսզի տանեն իր մոտ ներողություն խնդրելու իրենից, այլապես շատ ավելի վատ կլինի: «Ասել են մենք գիտենք՝ դու որտեղ ես ապրում, կնիկ երեխուդ կվառենք:

Եղբայրս ներողություն է խնդրել, ամեն ինչ անցել է: Ես այդ մասին իմացել եմ մայիսի 10-ին: Եղբայրս կնոջ հետ տեսակապով խոսելիս մի թեթեւ պատմել է, կինն իմ կնոջը նկար է ուղարկել եւ այդ կերպ կատարվածն ինձ է հասել»,- պատմեց Արթուրը: 35-ամյա Հովհաննեսը խաղաղապահ զորքերի զինվորական է եղել, Ապրիլյան պատերազմի ժամանակ վախից է ձեռք բերել հոգեկան հիվանդություն: «Աֆղանստան էլ է գնացել, այնտեղ էլ ծանր դեպքի է ականատես եղել, ապրիլյանի ժամանակ էլ կողքը մարդ են խփել, ընկել է իր վրա ու… Զորամասի հոգեբուժարան էլ է պառկել, հետո, երբ զորացրեցին, հիվանդությունը կրկնվեց: Արդեն մենք ստիպված եղանք տեղափոխել ստացիոնար բուժման»,- պատմեց Արթուրը: Հովհաննեսն ամուսնացած է, ունի 7-ամյա տղա: ՀՀ ոստիկանությունից  հայտնեցին, որ ծեծի վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: