շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին․ ստորագրվել է 2020-ի ռազմական համագործակցության ծրագիր

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին․ ստորագրվել է 2020-ի ռազմական համագործակցության ծրագիր

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում  հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը:

Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և  բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին:

«Հույս ունեմ, որ հայկական կողմը կշարունակի այսպիսի զորավարժություններին ակտիվ մասնակցությունը»,- նշեց նա:

Իրակլի Ղարիբաշվիլին հավելեց, որ իր համար պատիվ է Հայաստան այցելելը:

«Ինձ համար մեծ պատիվ է որպես Վրաստանի ՊՆ այցելել Հայաստան, մի երկիր, որի հետ մենք շատ լավ, բարի դրացիական հարաբերություններ ունենք և փոխադարձ հարգանք տածում արդեն հարյուրամյակներ շարունակ: Ապացույցն այս փաստի նաև մեր դրական, աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության ձևաչափում»,- ասաց Ղարիբաշվիլին:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և ՎրաստանիՀանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այցի շրջանակում Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

  • Կիսվել: