շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. ընդլայնվում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը

Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. ընդլայնվում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը

Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից կստեղծվի Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք. որոշումն այսօր կառավարությանը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիրը ստորագրվել է 2003 թվականի մայիսի 23-ին, այդուհանդերձ, երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի  զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական  ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն  կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի նախարարության համար  Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի  ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին  և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

  • Կիսվել: