ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում նախատեսում են Բանակային խաղերին մասնակցող մարզիկներին ևս պարգևավճար ստանալու հնարավորություն տալ

Հայաստանում նախատեսում են Բանակային խաղերին մասնակցող մարզիկներին ևս պարգևավճար ստանալու հնարավորություն տալ

Կառավարության կողմից առաջարկվոց նոր օրինագծով առաջարկվում է Բանակային խաղերին մասնակցող և մրցանակային տեղեր գրավող մարզիկներին ևս պարգևատրում ստանալու հնարավորություն ընձեռել: «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Նախագիծը, ի թիվս այլ կարգավորումների, նպատակ ունի ընդգծել ռազմական կամ բանակային խաղերի կարևորությունը: Փոխնախարարն ընդգծեց, որ Բանակային խաղերը շատ հեղինակավոր մրցումներ են, որոնց երբեմն մասնակցում է մինչև 200 երկիր: Փոխնախարարի խոսքով՝ Օլիմպիական խաղերից հետո դրանք ամենամասսայական մրցումներն են:

«Եվ, քանի որ բանակային խաղերն ընդգրկված չեն մեր՝ միանգամյա պարգևավճար ստացող միջոցառումների ցանկում, պարբերաբար մեր հավաքականները բանակային խաղերին ուղարկում են 2-րդ, 3-րդ համարներին՝ ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններին պատրաստվելու և մասնակցելու: Բայց կարծում ենք, որ 200 երկրների մասնակցությամբ անցկացվող խաղերին պետք է մասնակցեն առաջին համարները: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները շահագրգռվեն»,-ասաց Գիլոյանը:

 

Ըստ նրա՝ դա հնարավոր է անել միայն այն ձևով, որ այս խաղերը մտցնեն պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկ, և մարզիկները, հաջողության դեպքում, ինչպես Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից կամ Օլիմպիական խաղերից են ստանում, այնպես էլ Բանակային խաղերից ստանան պարգևավճար:

  • Կիսվել: