չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հայաստանի և Հունաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը խորացնելու մասին համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը

Հայաստանի և Հունաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը խորացնելու մասին համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը

Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը եւ համագործակցության իրականացման միջոցները:

Նախարարի տեղակալի խոսքով համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:

«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ տեղադրման, այլեւ մեր զինվորների պատրաստության հարցում»,- ասել է հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւ կոչ արել նախագծին կողմ քվեարկել:

Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: