երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պատվիրակությունը

Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պատվիրակությունը

Հոկտեմբերի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները և առաջավոր փորձը:

Այցի շրջանակում վրացական պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, հանդիպել կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և վերապատրաստման, ինչպես նաև դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ծավալների ընդլայնման և առկա փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ:

  • Կիսվել: