չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հասկանալով՝ կրում է պարտություն, Ադրբեջանը փորձելու է իրենց հասարակության համար կերակրող հոդվածներ հորինել. ՊՆ ներկայացուցիչ

Հասկանալով՝ կրում է պարտություն, Ադրբեջանը փորձելու է իրենց հասարակության համար կերակրող հոդվածներ հորինել. ՊՆ ներկայացուցիչ

ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով, ներառյալ նախիջևանյան ուղղությունը, լիովին կազմ պատրաստ են, մարտունակ իրենց խնդիրները կատարելու համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Նախիջևանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է, զգոնությունը պահում են. «Դժվար է ասել, ընդհանրապես ինչ կարող է տեղի ունենալ: Եթե Հայաստանի Հանրապետությունը թիրախավորվել է, արդեն երկրորդական է այս կամ այն ուղղությունը»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ պաշտոնական Բաքուն ներկայացրել է, թե իբր բարձրաստիճան զինվորականների կորուստ ունենք,  թե Մարտունու զորամասն է ամբողջությամբ ոչնչացվել, սակայն, ըստ նրա, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Նա նաև ասաց, որ այն տեղեկատվությունը, թե դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվել է, ևս իրականությանը չի համապատասխանում։

«Հայտարարությունն անգամ խոսում է ցածր որակի, ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին։ Բարձրաստիճան այլ զինվորականի, գեներալի մասին նույն ապատեղեկատվությունը շրջանառվում է, այն չի համապատասխանում իրականությանը։ Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց և մեր կորուստները։ Դրա համար էլ փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող հոդվածներ հորինել»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին, թե Քելբաջարում ընթացել են թեժ մարտեր, ՊՆ ներկայացուցիչն ասաց՝ չի կարող հայտնել, թե դրանք եղել են թեժ կամ ոչ, սակայն բոլոր ուղղություններով  ՀՀ և Արցախի զինված ուժերը կատարում են իրենց մարտական խնդիրը, համառ մարտեր են մղում, սակայն մանրամասներ չի կարող հայտնել։

Նրա խոսքով, նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մեկ-երկու դիրք վերցնելը, տալը, ընդհանրապես մարտավարական որևէ բան իրենից չի ներկայացնում, կարևորը Զինված ուժերի ընդհանուր մարտական խնդիրները կարտարելու կարողությունն է, մարտունակությունն է, կառավարման հստակ համակարգն է, մարտական ոգին է:

«Հրապարակված կադրերում տեսնում եք, թե ինչ գրագետ են աշխատում ՀՀ զինված ուժերը, ինչ դիպուկ են խոցում, հստակ կարողանում են կառավարել կրակը»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, նա ասաց, որ ՀՀ ՊՆ-ն մարդկային կորուստների մասին տեղեկատվություն տրամադրում է, ինչ վերաբերում է զրահատեխնիկային, ապա, ըստ նրա, այս մասով ևս կորուստներ կան, սակայն դա Ադրբեջանի հետ համեմատելի չէ։

  • Կիսվել: