հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարցին լուծում չտալու դեպքում զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են փակել Հանրապետության հրապարակը

Հարցին լուծում չտալու դեպքում զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են փակել Հանրապետության հրապարակը

Եթե այսօր մեր հարցին լուծում չեղավ, ապա ապրիլի 21-ին փակելու ենք Հանրապետության հրապարակը: Այս մասին այսօր ասաց Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը:

Նշենք, որ Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ:

՛՛Մեր պահանջն է հանդիպել վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ: Մեր երեխաները չեն մահացել պատերազմի դաշտում, մեր երեխաներին վառել են քնած ժամանակ, ու երեք ամիս մենք ծնողներով պայքարում ենք, որ հասկանանք՝ ով էր մեր երեխաներին սպանողը, ինչի համար, ինչ էին արել մեր երեխաները, մենք պետք է պարզաբանենք՝ ինչու՛ տեղի ունեցավ այդ ամենը՛՛,-նշեց նա:

Ծնողներից մեկն էլ ասաց, որ իրենց համար աբսուրդ է վարչապետի վարկածը: Մեկ այլ ծնողի խոսքով՝ վարչապետն ու պաշտպանության նախարարն իրենց չեն ընդունում, քանի որ պատասխան չունեն տալու:

զոհված զինծառայողների ծնողները հավելեցին, որ եթե պետք լինի, գիշերն էլ կմնան՝ պահանջելով հարցի լուծում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

  • Կիսվել: