ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բամբասանքներն առաջնագծում կռվողների համար ավելի վտանգավոր են, քան Սմերչը. Արթուր Դանիելյան

Բամբասանքներն առաջնագծում կռվողների համար ավելի վտանգավոր են, քան Սմերչը. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կառույցի հիմնադիր Արթուր Դանիելյանի դիտարկումը ռազմաճակատում տիրող իրադրության և բամբասանքների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մերոնց հետ հեշտ ա: Մենք ի սկզբանե էլ որոշել էինք, որ գնում ենք մահվան բերան: Ով էլ չգիտեր, թե դա ինչ է նշանակում, շատ արագ ամեն ինչ հասկացավ առաջին իսկ հռթիռակոծության ժամանակ: Այսինքն` առաջին իսկ օրը: Հետևաբար, երբ մեզ սկսեցին լուրեր հասնել զոհերի ու ահռելի կորուստների մասին, ես որպես հրամանատար առանձնապես խնդիր չեմ ունեցել բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանելու հարցում: Զենքը կա, սնունդը կա, մեր փայ Ղարսը կա, պահում էինք ու ենք:

Մեզ մենակ մի բան կարող է զինաթափել: Մենակ մի բան կարա ստիպի մեզ դիրքը լքել: Այդ մի բանը մեջքից հարվածն է: Այնպիսի մի քայլ, որը կիմաստազրկի «Ղարսը» պահելը: Կարա գրավվի Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, տո նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը և միևնույն է մենք նահանջելու պատճառ չենք ունենա, եթե հարվածը չլինի մեջքից:

Բոլոր կորուստները անշուշտ շատ ցավալի են: Ցանկացած սթափ մարդ պիտի հասկանա, թե ինչով է հղի այդ հողերի կորուստը, կամ լավագույն տղերքի զոհվելը: Բայց սթափ մարդը նաև պիտի գիտակցի, որ այս ժողովուրդը ինքն է ընտրել այս պատիժն իր համար: Նենց, որ առնվազն մոտ 900,000 ՀՀ հպարտ քաղաքացի պիտի պատրաստ լինի կրել սեփական ընտրության հետևանքի բեռը: Մի 2 էդքան մարդ էլ առնվազն անտարբեր է եղել մնացածի գործած ընտրության հանդեպ, հետևաբար նույնպես պիտի պատասխանատվություն կրի: Դե, իսկ մենք` չընտրածներս ու անտարբեր չեղածներս, պարզապես մեր խաչն ենք քաշում: Ստեղ ամեն ինչ արդար ա: Այ, եթե էսքանից հետո մեր «ձեռից» մեր խաչն էլ խլեն, այ դա արդեն արդար չի լինի: Այսինքն եթե ոմանք անեն այնպես, որ կռվելը առհասարակ իմաստազուրկ լինի:

էս պահին նման մտահոգություն չկա: Կան տարատեսակ ասեկոսեներ, մտահոգիչ դրվագներ, զայրացնող դրսևորումներ, բայց դեռ ամենինչ արդար է: Թեպետ հնչում են անհասկանալի կոչեր հրադադար ու խաղաղություն հաստատելու, կամ «ցավալի զիջումների» գնալու մասին: Իսկ այսօր, օրինակ, բամբասանք տարածվեց, որ Արցախի նախագահը Ազգային Ժողովի պատգամավորներին հավաքել ու պնդել է, որ պետք է կապիտուլյացիայի գնալ: Ինչը խուճապ ստեղծեց ամենուր և նույնիսկ մեր դիրքերում: Հետո լուրեր սկսեցին ֆռալ, որ հիշյալ բամբասանքի արդյունքում զինվորները սկսել են լքել դիրքերը: Ու էս լուրերը թերևս ավելի վտանգավոր են քան ցանկացած Սմերչ: Որովհետև Սմերչը չի կարող իմաստազրկել պայքարը, իսկ կապիտուլյացիայի մասին անգամ բամբասանքը` կարող է...

Բարեբախտաբար այդ բամբասանքների դեմն առնելը դեռևս դժվար չէ: Մարդիկ ասում են` «Հաղթելու ենք», իսկ դա բացառում է կապիտուլյացիան: Նենց չի, որ ապահովագրում է հաղթանակը, վերջիվերջո էդ մարդիկ շատ բան են ասել, բայց էս ասածը կապիտուլյացիան բացառում է: «Հաղթելու ենք» գոռացողը հենց առանց կռվելու տարածք տվեց կամ գոնե խոսաց դրա մասին, անմիջապես առերեսվելու է իրական կռվողների հետ: Իսկ նրանք ովքեր փախչում են բամբասանքների պատճառով, իրականում պարզապես հարմար առիթ են գտել ու, ըստ էության, առաջին գծում տեղ չպիտի էլ ունենան:

Հ.Գ. էդ, որ ստեղ ընդեղ դեսպանատների դեմը գոռում եք «we want peace» («մենք խաղաղություն ենք ուզում»)` ի՞նչ նկատի ունեք: Ոնց կարա էդ peace-լինի առանց, օրինակ, Ջաբրայիլի: Իսկ առհասարակ խաղաղությունը մենք էլ ենք սիրում ու միանում ենք ֆլեշմոբին:

Հ.Հ.Գ. ժողովուրդ, իսրայելական ականանետ աշխատացնող կա՞ ընկերներիս մեջ: Էս անտերը անիմաստ բարդ օպտիկա ունի, հաշվարկներն էլ մղոնով ա ոնց որ: Թեպետ դրանցից ո՞վ ա է խեր տեսել... դրանք մենակ խաչելուց են լավ:»

 

  • Կիսվել: