ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գույքահարկի արտոնություններ՝ պատերազմում գերեվարված ու անհայտ կորած անձանց. ավագանու հերթական նիստը

Գույքահարկի արտոնություններ՝ պատերազմում գերեվարված ու անհայտ կորած անձանց. ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանու այսօր կայացած նիստում ավագանու քվեարկությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
 
 Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին ու հակառակորդի հետ շփման գծում կատարել են մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ: Վերջիններն ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են:
 
 Արտոնություններ են սահմանվել նաև 2021թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: Մյուս խմբերի համար ևս 2020թ. կիրառված արտոնությունները կգործեն նաև 2001թ.:
 
 Մանկապարտեզներն անվճար կլինեն այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների զավակների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները:
 
 Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճար չի գանձվի: Կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը:
 
 Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին:

  • Կիսվել: