ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց

ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս տեղեկություն հայտնում է նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ՝ Ստեփան Գալստյանը բժիշկների հսկողության տակ է. «Ստացիոնար բուժում է ստանում։ Չեմ կարող ասել թե ինչ խնդիր է նրա մոտ, դա բժշկական գաղտնիք է։ Ներկա պահին իրեն վատ է զգում, իր վիճակն այդքան լավ վիճակում չէ»։

Պաշտպանն ասաց, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պատրաստվում է դիմել դատարան՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը), ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը եւ այլ բարձրաստիճան զինվորականներ։

  • Կիսվել: