հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԳՇ պետը՝ Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին

ԳՇ պետը՝ Գորիս-Որոտան ճանապարհի անվտանգության մասին

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չմեկնաբանեց Գորիս-Որոտան ճանապարհահատվածի անվտանգության վերաբերյալ լրագրողների հարցերը, փոխարենը նշեց, որ ինքը երթևեկում է այդ ճանապարհով և նորմալ անցել է:

ՀՀ նախագահի նստավայրում Անկախության օրվա առթիվ տեղի ունեցող պարգևատրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ԶՈՒ ԳՇ պետը նախ շնորհավորեց բոլորին հայոց պետականության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Պատկերացնելով, թե ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը, վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մենք դուրս կգանք այս վիճակից և կունենանք այն երազած հայրենիքը, որը պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց Արտակ Դավթյանը:

Լրագրողի հարցին` կան արդյոք այդ երազած հայրենիքը ունենալու նախադրյալները, շտաբի պետը դրական պատասխանեց՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է դժվարությունները հաղթահարել և առաջ գնալ:

«Մտորելու խնդիր չեմ տեսնում և յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր աշխատանքը բարեխղճորեն կատարի»,- ընդգծեց նա:

Արտակ Դավթյանն անդրադարձավ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Քասախ համայնքի երկու բնակիչների շեղվելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ լրագրողի հարցին` արդյոք հնարավոր էր, որ այդ քաղաքացիները շեղվեին ճանապարհից:

«Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, այն ընդունեք ի գիտություն: Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:

Հարցին` անձամբ  երթևեկո՞ւմ է այդ ճանապարհով, շտաբի պետը պատասխանեց. «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ անցել եմ»:

  • Կիսվել: