ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գործընթացի լրջությունը փաստում է այն, որ ատեստավորման մեկ հանձնաժողով է ստեղծվելու, ԱԱԾ տնօրենն է անձամբ գլխավորելու․ ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ ատեստավորման համակարգի մասին

Գործընթացի լրջությունը փաստում է այն, որ ատեստավորման մեկ հանձնաժողով է ստեղծվելու, ԱԱԾ տնօրենն է անձամբ գլխավորելու․ ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ ատեստավորման համակարգի մասին

Ինչպե՞ս եք երաշխավորելու, որ ատեստավորումն անաչառ ու թափանցիկ է լինելու, ինչպե՞ս եք անաչառությունն ապահովելու։ Արատավոր պրակտիկա կա, որ երբեմն զարտուղի ճանապարհներով են փորձում ատեստավորումն անցնել։ Բարեկամական կապերը շատ են, ծնողն ու երեխան հաճախ նույն տեղում են աշխատում։

ԱԺ հերթական նիստում այսօր ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ 2 անգամ ատեստավորում չանցած ԱԱԾ ծառայողին կառաջարկվի այլ պաշտոն, որից հրաժարվելու դեպքում աշխատակիցը կարձակվի ծառայությունից։

Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց․ «Գործընթացի լրջությունը փաստում է այն, որ ատեստավորման մեկ հանձնաժողով է ստեղծվելու, ԱԱԾ տնօրենն է անձամբ գլխավորելու։ Կազմում լինելու են նաեւ տեղակալները։ Սա լուրջ շեշտադրում է։ Ատեստավորումը լինելու է երկու փուլով՝ թեստավորում և  հարցազրույց։ Առաջինում քսան հարց կա։ 17-ին ճիշտ պատասխանելու դեպքում անցնելու են հարցազրույցին։ Որոշ ծառայողների դեպքում կա նաեւ մարտական-ֆիզիկական պատրաստվածության ստուգարք»։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ նկատեց․ «Այս նախագծով ատեստավորումն անցնողներն աշխատավարձի բարձրացում կունենան։ Մոտավոր ի՞նչ չափի մասին է խոսքը»։

Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց, որ հավելավճարը կսահմանվի կառավարության որոշմամբ, ուստի այս պահին ֆինանսական տեղեկություններ չի կարող ասել։

  • Կիսվել: