հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գնումների մոտ 20 տոկոսն իրականացնում ենք ներքին շուկայից. Տոնոյան

Գնումների մոտ 20 տոկոսն իրականացնում ենք ներքին շուկայից. Տոնոյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու մոտ 3 ամիս ռազմաարդյուաբերություն իրականացնող որոշ գիտական կենտրոններ և գործարաններ չեն աշխատում և նախարարությանը ծառայություն չեն մատուցում, պատասխանեց, որ իրենց գնումների գործընթացում գնումների մոտ 20 տոկոսն իրականացնում են ներքին շուկայից:

Տոնոյանն ասաց. «Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչի համար են պարապուրդի մեջ գտնվում այդ կազմակերպությունները, չգիտեմ՝ ինչքանով է դա հիմնավոր, բայց ՊՆ-ն ամեն կերպ խրախուսում է ներքին արտադրությունը»:

Գորգիսյանն արձագանքեց՝ ասելով, որ քաղաքացիները կարծում են, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, և գնման գործընթացը երկարում է: «Այսօր էլ այդ մարդկանց պնդմամբ իրենց մատուցած ծառայության կարիքը բանակն ունի ու 3 ամիս է, ինչ գործարանները կանգնած են: Անդրադառնալով գնումներին՝ ասեմ, որ Արցախ կատարած վերջին այցելության ընթացքում հարց էր բարձրացվել տանկերի նորոգման հետ կապված: Այս մասով հարցն ի՞նչ ընթացքում է»,-նշեց նա:

Նախարարը պատասխանեց, որ, քանի որ հարցը որոշակիորեն կապված է ազգային անվտանգության հետ, ուստի կպատասխանի գրավոր:

Անդրադառնալով գործարանների պարապուրդին՝ նա նշեց, որ դա գուցե կապված է այն փաստի հետ, որ  դեռ տարեսկիզբ է, և պատվերների ձևավորման մրցույթների խնդիր գոյություն ունի: Նա հավելեց նաև, որ այս պահին ամբողջությամբ չի տիրապետում խնդրին:

  • Կիսվել: