հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերության մեջ գտնված զինծառայողների համար պաշտոնային դրույքաչափի հաշվարկման մասին նոր նախագիծ

Գերության մեջ գտնված զինծառայողների համար պաշտոնային դրույքաչափի հաշվարկման մասին նոր նախագիծ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նախագիծ է ներկայացրել, որով ցանկանում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Օրենքում, մասնավորապես, այսպիսի հոդված կամրագրվի. «Սույն մասի համաձայն գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է եւ դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք չէ»:

Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գերի ընկած զինծառայողների համար մինչեւ գերի ընկնելը հաշվարկվող պաշտոնային դրույքաչափը պահպանելու անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գերության մեջ գտնվող զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից եւ 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն թողնվում է պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ` մինչեւ ազատվելը: Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանված են կադրերի տրամադրության տակ թողնելու այն հիմքերը, որոնց դեպքում պահպանվում է զինծառայողի պաշտոնային դրույքաչափը` օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:

Նշված հիմքերի շարքում նախատեսված չէ գերության մեջ գտնվելու պատճառով կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու հիմքը, որի պարագայում խնդիրներ են առաջանում գերության մեջ գտնվելու ընթացքում զինծառայողի ընտանիքի կենսագոյության հետ կապված, ինչը զինծառայողների իրավական եւ սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության առումով արդարացի չէ: Միաժամանակ, գերության մեջ գտնվող զինծառայողի եւ նրա ընտանիքի իրավական եւ սոցիալական երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է նաեւ, որպեսզի զինծառայողի կողմից գերության մեջ հայտնվելը չհանդիսանա զինծառայողի կողմից ոչ իրավաչափ գործողության արդյունք կամ հետեւանք:

Օրենքի նախագծի համաձայն գերության մեջ գտնվելու հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը` մինչեւ ազատվելը, միաժամանակ սահմանվում են այն հանգամանքները, որոնք բացառում են գերի ընկնելու դեպքում պաշտոնային դրույքաչափը պահպանվելու իրավունքը:

 

  • Կիսվել: