Ես պատերազմը սկսվելուց հետո եմ իմացել, որ զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա. Փաշինյան
Ես պատերազմը սկսելուց հետո եմ իմացել, որ բանակում զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա: Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է խոստովանի դա՝ որքան էլ ծանր է:
Ըստ նրա՝ եղել է պաշտոնյա, ով այսօր ընդդիմադիր է, առավոտից երեկո խոսում է, նրա պարտականությունն է եղել զեկուցել, թե ինչ խնդիրներ կան բանակում:
՛՛Թող ասի, մի անգամ զեկուցե՞լ է: Էդ ինչ է դրա եղածը: Վիճակագրությունը ցույց տվեցի, թե որքան գումար ենք ծախսել ռազմական կարիքների համար՛՛,-ասաց Փաշինյանը:
Նա նաև ասաց, որ Հայաստանի ձեռք բերած զենքի 62 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թվականների ընթացքում։ Նա այդ հայտարարության վերաբերյալ ընթերցեց միջազգային մի կառույցի զեկույցից հատված.
՛՛44-օրյա պատերազմին նախորդած 10 տարում՝ 2010-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3-ը ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից։ 2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 270 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին՛՛։
Փաշինյանը խոսեց նաև իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Այսօր մեզ ասում են՝ հեղափոխությունից հետո այս իշխանությունը եկել է եւ ՀԱՊԿ երկրների հետ իբր հարաբերությունները փչացրել է։ Եթե ձեր ժամանակ այդքան լավ հարաբերություններ էր, էդ ո՞նց է պատահել, որ ձեր ժամանակ ՀԱՊԿ երկրների հետ ձեր հարաբերությունները փայլուն էր, էդ ժամանակ մեր թիվ մեկ հակառակորդը ձեր աչքի առաջ այդքան զենք էր ներկրում մեր դաշնակիցներից, բա դա ի՞նչ բացատրություն ունի։ Ասում են՝ եկել էին հողերը տալու համար։
Բա հողերը տալու համար զենք են առնո՞ւմ։ Հայաստանի ձեռք բերած զենքի 62 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թվականների ընթացքում։ Այս թվերը շատ բանի մասին են վկայում՛՛։