ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես հպարտանում եմ, որ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, զորամասերի հրամանատարներն այսօր պատվով կատարում են իրենց խնդիրը․ Օհանյան

Ես հպարտանում եմ, որ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, զորամասերի հրամանատարներն այսօր պատվով կատարում են իրենց խնդիրը․ Օհանյան

Ես հպարտանում եմ, որ այսօրվա պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, զորամասերի հրամանատարներն իմ գործընկերներն են եղել եւ այսօր պատվով կատարում են իրենց խնդիրը։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ավականանին բարդ ռազմաքաղաքական վիճակում է, երկար տարիներ այն գոյություն ունի, լուծումների շարքում կարեւորը համախմբվածությունն է՝ բանակի, պետության, բնակչության միասնությունը։ 

«Դիրքային պայքարը մշտապես եղել է։ Այս վերջինը դիրքային բախում էր, որն ամենամեծն էր վերջին տարիներին։ Այդ բախման արդյունքում Հայկական ԶՈՒ-ը դիրքային բարելավում են իրականացրել։ Սա Ադրբեջանի սադրանքի արդյունքում է եղել, եւ դիրքերի բարելավումը տեղի է ունեցել բացառապես ՀՀ տարածքում։ Եվ մենք բոլորս տեսանք ինչ  նպատակասլացությամբ ու պատվով Հայկական բանակն իր առջեւ դրված խնդիրն իրականացրեց։

ՀՀ ԶՈՒ-ը կայացած կառույց է, սահմանների պաշտպանության իր պարտականությունները կատարում է։ Այս անգամ տեղեկատվությունը շատ ավելի մեծ էր, ցույց տվեցինք մարտական բարձր պատրաստակամություն եւ զորատեսակների միջեւ համագործակցության բարձր աստիճան, բացի հետեւակից, նաեւ հրետանին, ՀՕՊ-ը, նաեւ գործակցությունը ՏԻՄ-երի հետ, եւ միասնական տեղեկատվական կենտրոնը, որ մենք փորձարկել էինք Շանթ-2015 զորավարժություններում, իրեն փայլուն դրսեւորեցին»։

Ըստ Սեյրան Օհանյանի, բավականին շատ տեղեկություններ կան, թե ինչ ահռելի ծախսերի գնով եւ ինչ զնատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանը, բայց գիտենք նաեւ, որ արտասահմանցի հրահանգիչներն են դրանց կառավարումն իրականացնում, այնպես որ՝ այլ բան է դրանք ունենալը, այլ բան դրանց տիրապետելն ու մասնագիտական հմտություններով կիրառելը, ինչը մեզ մոտ շատ ավելի բարձր է եւ դրա հաշվին ռազմական հավասարակշռությունը պահպանվում է։

«Հայկական բանակը ոչ 1-ին, ոչ 2-րդ, ոչ 3-րդ նախագահինն է, ոչ էլ այսօրվա վարչապետինը, ոչ մի պաշտպանության նախարարինը չէ, բայց բոլորն էլ իրենց ջանքերը ներդրել են, որ ԶՈՒ-ն անընդհատ կատարելագործվեն։ Ճիշտ չէ, որ հրամանատարները փոխվել են, դրա համար են հասել հաջողության։ Սա 1-2 տարվա արդյունք չէ։ Ես հպարտանում եմ, որ այսօրվա պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, զորամասերի հրամանատարներն իմ գործընկերներն են եղել եւ այսօր պատվով կատարում են իրենց խնդիրը։ Այս բախումով չի ավարտվելու, եւ կոչ եմ անում երկրի ղեկավարությանն ու ԶՈւ հրամանատարությանը սթափ գնահատել իրավիճակը եւ անընդհատ մտածել սադրանքների կամ արկածախնդրության դեպքերում հակառակորդին արժանի հակահարված տալու, պատժելու, պարտադրելու մասին։ Չի կարելի ասել, որ հայ զինվորը եղել է սոված կամ ոտաբոբիկ։ Տարբեր ժամանակներում եղել են խնդիրներ, որոնք քայլ առ քայլ լուծվել են։ Մեկ վաշտ կայացնելու համար 2 տարի է պետք, զորամասը՝ 3-4 տարի, բանակային կորպուսը՝ 5-6 տարի, այսինքն զօրուգիշեր քրտնաջան աշխատանքով ենք այսօր հասել այս արդյունքին»,- ասել է Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: