չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով. Պապիկյան

Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով. Պապիկյան

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։

Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։

«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, զինված ուժերի պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։

Տեղեկացնեմ, որ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով»,- ասաց Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ քննարկումների ընթացքում Լըկորնյուին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, որոնց կոչված են ձևավորելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և արդի մարտահրավերներին դիմակայելու կարող զինված ուժեր։

  • Կիսվել: