ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևան-Գորիս ճանապարհի սյունիքյան հատվածն անհասանելի է ադրբեջանական ականանետների համար. ՊՆ

Երևան-Գորիս ճանապարհի սյունիքյան հատվածն անհասանելի է ադրբեջանական ականանետների համար. ՊՆ

Երևան-Գորիս մայրուղու` Սյունիքի մարզի հատվածը չի դիտարկվում Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
 
Մենք ՊՆ-ին հարցրել էինք, թե ՀՀ տարածքի (Խորհրդային Հայաստանի) քանի՞ քառակուսի կմ-ն է այս պահին գտնվում ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ (ներառյալ միջդիրքային տարածք/չեզոք գոտի), քանի՞սն են նրանք գրավել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում։
 
Փորձել էինք ճշտել նաև, թե Երևան-Գորիս ճանապարհից նվազագույնը ի՞նչ հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական ԶՈւ-ն (որ հատվածում), և արդյոք ճանապարհը հասանելի՞ է հրաձգային և ականանետային կրակի համար։
Առաջին հարցին ՊՆ–ն չի պատասխանել, երկրորդի դեպքում էլ հիշեցրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
 
«ՀՀ վարչապետը նոյեմբերի 23-ի ասուլիսում արդեն իսկ հրապարակավ հայտարարել է, որ մայիսի 12-ի հայ–ադրբեջանական սահմանային միջադեպից հետո ՀՀ սահմանները փոփոխության չեն ենթարկվել»,– ասված է պատասխանում։
 

Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա նախարարությունից նշել են. «Երևան–Գորիս մայրուղու` Սյունիքի մարզի ճանապարհային հատվածը նոր բնագծից չի դիտարկվում ադրբեջանական ԶՈւ դիրքերից և Ձեր կողմից նշված կրակային միջոցների կիրառման համար հասանելի չէ»։

«Հարցման մեջ նշված տեղեկությունները գտնվում են ԱԱԾ իրավասությունների շրջանակից դուրս»,– պատասխանել են ԱԱԾ–ից։
 
Այսօր առավոտյան Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասար լեռան այն հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
 
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ տեղակայվել են, թե ոչ։
 
Գյուղի բնակիչներն էլ Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին իրենց հայտնի է դարձել երեկ։
 
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
 
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

  • Կիսվել: