հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

  • Կիսվել: