շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձմռանը հակառակորդը զորք չի պահել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ

Ձմռանը հակառակորդը զորք չի պահել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ

Նոյեմբերի 9–ից հետո հայկական կողմը որոշակի դիրքավորվել, տեղակայվել է, իսկ դիմացը կամ այլ հատվածներում հակառակորդը՝ ոչ։ Եղանակային պայմաններից ելնելով իրենք զորք չեն պահել այդտեղ, հիմա դա են անում, իսկ մեր Զինված ուժերն էլ ուշադիր հետեւում են, որ հանկարծ սահմանի խախտման դեպքեր տեղի չունենան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով այսօր՝ մայիսի 12–ին Վարդենիսի շրջանում նկատված հակառակորդի շարժին։

«Վարդենիսի հարակից տարածքի բարձր լեռնային մի շարք հատվածներում ձմռան ամիսներին հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել։ Հիմա եղանակային պայմանները թույլ են տալիս, ձյան շերտը որոշակի հալվել է, նրանք այդ հատվածներում դիրքերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում, որին մեր Զինված ուժերի ներկայացուցիչները ներկա են, համատեղ աշխատում են, որպեսզի միջդիրքային տարածությունները չխախտվեն։ Ուրիշ բան տեղի չի ունեցել, միջադեպեր տեղի չեն ունեցել, կրակոցներ չեն եղել, մնացած ամեն ինչ հանգիստ է սահմանային այս հատվածում»,– նշեց մարզպետը։

Անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիները մի հատվածում 300 մետր առաջ են եկել, Գնել Սանոսյանն ասաց. «Կարող է՝ որոշ հատվածներում անճշտություններ լինեն, որն էլ բանակցում, ճշտում են, տեղերը ֆիքսում են եւ տեղակայվում։ Մետրերով չեմ կարող ասել, բայց էդպիսի պրոցես է տեղի ունենում։ Իրենք մեր կողմը չեն եկել, նույնիսկ երբ որ եկել, փորձել են տեղը գտնել, եթե ինչ–որ տեղ էլ անճշտություն է եղել, մերոնց բանակցության արդյունքում վերջնական տեղերը ֆիքսվել են, եւ նրանք հաստատվել են այն տեղերում, որտեղ երկկողմանի համաձայնություն է եղել»։

Մարզպետն ասած, որ սահմանային ճշտումների գործողությունները սկսվել են այսօր առավոտյան և երկար չեն տեւի։

Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց կրակոցներ լինելու մասին լուրերը;

Նշենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, որ թշնամին Վարդենիսի շրջանում դիրքերը 3 կմ առաջ է տվել եւ հնչել են կրակոցներ։

 

  • Կիսվել: