կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դիմորդների հոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է․Պապիկյան

Դիմորդների հոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է․Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ռազմական բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներին՝ զինված ուժերում կադրային քաղաքականության համատեքստում։ Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ բանակի սպայակազմի համալրման հիմնական աղբյուրը ռազմական բարձրագույն կրթօջախներն են։

«Կա շատ պարզ բանաձև՝ որքան մեծ է ընտրությունը, նույնքան շոշափելի է լավագույներին գտնելու հնարավորությունը, ուստի մենք ռազմական կրթօջախներ դիմորդների հոսքը ընդլայնելու և ապագա սպաների համար զինծառայությունը գրավիչ դարձնելու սոցիալական փաթեթին ավելացրինք նորընծա սպաներին բնակարանով ապահովելու դրույթը։ Ռազմական բուհի շրջանավարտ սպան կստանա երեք սենյականոց բնակարան՝ իր հայեցողությամբ այն տնօրինելու իրավունքով, իսկ ըստ պայմանագրի՝ 20 տարի ծառայելուց հետո կստանա նաև բնակարանի սեփականության իրավունքը։

Ռազմական կրթության որակը բարձրացնելու, կառավարման, ֆինանսավորման և ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նպատակին էր միտված երկու ռազմական հաստատությունների՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների միավորումը մեկ ռազմական կրթօջախի մեջ, որն անվանվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ընդհանուր, արդիական, ուսումնանյութական բազայով, կենտրոնացված ֆինանսական միջոցներով, պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացով, համատեղ ձևավորված մասնագիտական խորհուրդներով՝ ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթով»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը ընդգծել է՝ բարեփոխումների  արդյունքում դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է, ինչպես նաև այդ բարեփոխումների իրագործման արդյունքում վերջերս ռազմական ակադեմիան անդամագրվել է աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայում, որի անդամ են աշխարհի առաջատար 19 ռազմաուսումնական հաստատություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսպանիան և այլն։

«Այսպիսով` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ ստացավ։ Նախաձեռնել ենք նաև ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի էական բարձրացում»,- նշել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը կադրային քաղաքականության կարևոր բաղադրիչներից է համարում զորքերը պայմանագրային զինծառայողներով համալրելու նոր ինստիտուտը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զինվորներին պարտադիր ժամկետային ծառայության երկու տարի ժամկետը փոխարինել հնգամյա ծառայությամբ՝ փոխարենը ստանալով մի շարք սոցիալական արտոնություններ, մասնավորապես ծառայության վայրը ընտրելու իրավունք, ամենամսյա բարձր աշխատավարձ, իսկ ծառայության ավարտին՝ 5 միլիոն դրամ պատվովճար ստանալու հնարավորություն։

«Սա զինծառայությունը գրավիչ դարձնելու, զինված ուժերը արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրելու ևս մեկ կարևորագույն քայլ է և իրագործման կարճ ժամանակահատվածում իր նյութական ու բարոյական շահեկանությամբ արդեն շատերին է հետաքրքրել։ Մենք այստեղ ունենալու ենք ևս մեկ կարևոր ձեռքբերում։ Ակնհայտ է, որ հնգամյա ծառայության անցած պայմանագրայինները հետագայում ծառայությունը չշարունակելու դեպքում ավելի բարձր զինվորական արհեստավարժությամբ և ավելի մեծ ծառայողական փորձով են զորացրվելու, քան տարեկից ժամկետայինները, ինչը դրականորեն կազդի նաև պահեստազորի որակի վրա»,- եզրափակել Պապիկյանը։

  • Կիսվել: