չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը բանակի օրը շնորհավորեց 100 տարի առաջ հնչած խոսքերով

Դավիթ Տոնոյանը բանակի օրը շնորհավորեց 100 տարի առաջ հնչած խոսքերով

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ նվիրված միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց այն խոսքերով, որոնցով 100 տարի առաջ սկսվել է Հայաստանի առաջին Հանրապետության բանակի կազմավորմանը նվիրված տոնական միջոցառումը: Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության անդամներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ու զինվորականներին նախարարը դիմեց մեկ դար առաջ հնչած՝ «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Վեհափառ Տեր, սիրելի զինակից ընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ բոլորիդ բանակի օրվա առիթով» խոսքերով:

«Այս բառերով, որ հիմա լսեցիք, մեր երեք հանրապետությունների պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդն իրար շնորհավորել է հարյուր տարի առաջ: Առաջին անգամ 1919թ. վերջում, ավելի ստույգ` դեկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին հայ ժողովուրդը մեծ շուքով նշել է բանակի օրը: Ինձ համար հուզիչ էր «Հառաչ» պարբերականի 1919թ. դեկտեմբերի 25-ի 70-րդ համարում տպագրված տողերը կարդալը` «Մեր ապագա հույս մատաղ սերունդն անմասն ուզում մնալ հայրենիքի պաշտպան մեր զինվորների համար հայտարարված բանակի օրվա երեք օրյա տոնախմբությանը: Երևանի դպրոցների աշակերտությունը` ցածր դասարաններից մինչև վեր, նվիրաբերում են իրենց ծնողների կարողության չափով մրգեղեն, լուցկիներ, ծխախոտ, շորեղեն, գուլպաներ, և ուրիշ անհրաժեշտ իրեր»»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ հրապարակվածը հուզիչ էր, որովհետև նախօրոք դեկտեմբերի 19-ին պլանավորված շքերթի հաջորդ օրը տեղափոխելու պատճառը եղել է այն, որ եղանակը վատթարացել է, իսկ շքերթին մասնակցող աշակերտների մեծ մասը չի ունեցել ձմեռային շորեր ու կոշիկներ:

«Ահա այդ պայմաններում են մարդիկ նվիրաբերել բանակին: Այդ պայմաններում է նշվել բանակի օրը, և այսօր մենք բանակի օրը նշում ենք պայմաններում, որոնց մասին առաջին բանակի օրվա կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող»,- ասաց Տոնոյանը:

  • Կիսվել: