երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դասալիքների թիվ հնչեցնողները իրականությունից կտրված դատարակաբանողներ են․ ԳՇ պետի նախկին տեղակալ․ «Հրապարակ»

Դասալիքների թիվ հնչեցնողները իրականությունից կտրված դատարակաբանողներ են․ ԳՇ պետի նախկին տեղակալ․ «Հրապարակ»

«Հայաքվե» շարժումը ստորագրահավաքի փաստաթղթերը պաշտոնապես հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը դրանք պետք է ուսումնասիրի։ Համապատասխան ձեւաթուղթ տրամադրի, եւ շարժումը պետք է սկսի ստորագրություններ հավաքելու գործընթացը՝ 60 օրում 30 հազար ստորագրություն։ Նախաձեռնության անդամների հետ ԿԸՀ էր եկել նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ «Հրապարակը» զրուցել է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալի հետ․ 

- Պարոն Խաչատրյան, նոր նախաձեռնություն է սկսվել՝ «Հայաքվե», որի նպատակն Արցախը հանձնելը քրեականացնող օրենքի ընդունումն է, հանրաքվե կազմակերպելը։ Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը պիտի՞ կոնսոլիդանա այս նախաձեռնության շուրջ։

- Գիտեք՝ ոչ թե պետք է համախմբվեին այս նախաձեռնության շուրջ, այդ հարցի հետ կապված՝ մինչեւ այսօր եղել են բավականին քննարկումներ, համապատասխան քայլերն իրականացվում են, եւ կա աշխատանքների որոշակի համաձայնեցվածություն, դրանք դեռեւս ընթացքի մեջ են, եւ հուսով ենք, որ ընթացքում այդ համախմբումը միասնական ճակատով կփորձի իրականացվել։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել, որը, նրա կարծիքով, ՀՀ կադաստրի թուղթն է։ Երբ Դուք զինվորական էիք, Հայաստանը պաշտպանելու համար Ձեզ կադաստրի թուղթ երբեւէ պետք եկե՞լ է, որ հասկանաք, թե որ երկիրն եք պաշտպանում։

- Զինվորականին խնդիրը կատարելու համար դրա հիմնավորումներ կամ փաստաթղթային ձեւակերպումներ պետք չեն։ Եթե զինվորականը ստանում է հրաման՝ որեւէ առաջադրանք իրականացնելու համար, ապա առանց քննարկելու անցնում է կատարման։ Եթե նույնիսկ պարզվում է, որ ինչ-որ իր նկատմամբ անարդար վերաբերմունք է տեղի ունեցել, միայն կատարելուց հետո կարող է բողոքարկել, սա ես կանոնադրային պահանջն եմ նշում։ Այնպես որ, այս պարագայում ասել, թե մենք ունե՞նք արդյոք  պաշտպանելու հնարավորություն, կամ կա՞ համապատասխան կադաստրային թուղթ եւ այլն, ուղղակի անհեթեթություն է, առավել եւս՝ զինվորականների համար։

- Փաշինյանն ասում է, որ մեր պետության սահմանները, փաստորեն, հայտնի չեն։ Հիմա Դուք ի՞նչ սահմաններ եք պաշտպանել, ո՞րն է Ձեզ համար եղել մեր սահմանը։

- Գիտեք՝ ինձ համար հայրենիքի սահմանն այնտեղ է, որտեղ իմ հայրենիքի շահերը կան։ Մենք երկար տարիներ նաեւ խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, խնդիր ենք կատարում, չէ՞, դրված է առաջադրանք, ինչ-որ առաքելության կազմում իրականացնում ենք տարբեր խնդիրներ, չպիտի՞ կատարենք։ Մենք գոնե հաստատ գիտենք, որ այդ երկրները մեր հայրենիքը չեն, նույնիսկ տեղեր կան, որ ընդհանրապես հայ չկա, բայց այդ խնդիրը չպիտի՞ կատարենք։ Բայց կա Հայաստանի եւ հայ ժողովրդի շահ, որից ելնելով՝ պետք է դա կատարվի, եւ մյուսը՝ կա հրաման, որի համաձայն դա պետք է իրականացվի։

- Շատերն ասում են, որ նույնիսկ այս փաստաթղթի ստորագրումը չի կանխի նոր պատերազմը, որը պիտի Սյունիքում լինի։ Համաձա՞յն եք այդ պնդման հետ, որ նոր պատերազմ լինելու է, եւ, ըստ Ձեզ, մեր բանակը պատրա՞ստ է նոր պատերազմի։

- Նախ՝ պատերազմն ավարտված էլ չէ։ Ճիշտ է՝ եղել է զինադադարի համապատասխան հայտարարություն, բայց դրանից հետո՝ անցած 3 տարիների ընթացքում չի եղել մի որեւէ ժամանակահատված, որ մենք իրական զինադադար կամ խաղաղություն ունենանք, որ մենք այդ վիճակը գնահատենք եւ հասկանանք։ Պատերազմ լինելու հետ կապված՝ չի բացառվում, որովհետեւ այն հայտարարությունները, որոնցով հանդես են գալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ այն պահանջները, որոնք ունեն այսօր եւ հնչեցվում են, իհարկե, մտածել է տալիս, որ դրանք չհատարելու դեպքում որոշակի ճնշումներ կլինեն։ Թե ինչ մասշտաբի պատերազմ կլինի, որտեղ կսկսվի, ինչ շարունակություն կունենա, դա մի քիչ այլ խնդիր է։ Իսկ բանակի դիմակայելու հետ կապված, իհարկե, բանակը պատրաստ է դիմակայելու, ուղղակի պետք է դիմակայելը կազմակերպել, դիմակայելը պետք է ապահովել եւ պայմաններ ստեղծել։ Եթե դրանք չարվեն, ապա ինչ-որ բան անելու մասին խոսելն ավելորդ է, բայց եթե կազմակերպվի, ուրեմն հնարավորություն կա։

- Պետությունն ի վիճակի՞ է կազմակերպել դիմակայությունը։ Իշխանություններն ասում են, որ բոլորն իրենց խանգարում են դա անել․ Ռուսաստանը փողը վերցնում՝ զենքը չի տալիս, Իրանը չի թողնում, որ Հնդկաստանից գնված զենքերը գան․․․։

- Մեր պետությունը շատ բաներ կարող է անել։ Նախ սկսենք այնտեղից, որ մենք մեր ներքին հնարավորությունները, պոտենցիալն օգտագործենք, երկրորդը՝ արտաքին հարաբերությունների հետ կապված՝ չգիտեմ, թե ինչ են ասում՝ Իրանը չի թողնում, ինչպես է հակազդում եւ այլն, բայց ես երբեւէ չեմ տեսել Իրանի կողմից մոտեցում, որը հակառակ մտածմանն ինձ կբերեր կամ թույլ կտար ինչ-որ ձեւով կասկածամտություն ունենալ իրենց հետ կապված։ Ընդհակառակը՝ ամենակրիտիկական պահերին էլ Իրանի իշխանություններն աջակցել են, նույնիսկ այն դեպքում, երբ կարող էին արտաքին ուժերի, քաղաքական հարաբերությունների առումով հարվածի տակ լինել, իրենք պատրաստակամ են եղել եւ իրականում աջակցել են։

- Իսկ դասալիքնե՞րը։ Աննա Հակոբյանն ասաց, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել։ Այս հայտարարությունը մեր բանակի մասի՞ն է։

- Դասալքության դեպքեր, իհարկե, եղել են, բայց հստակ թիվ հնչեցնել, ինչ-որ քանակ ասել․․․։ Դա նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, ես նկատի ունեմ իրավաբաններին, որոնք կոնկրետ գործերով հետաքննում կամ քննություններ են իրականացնում, չեն կարող թիվ հնչեցնել։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ թվեր են հնչեցնում, իրականությունից կտրված, զուտ դատարկաբանությամբ զբաղվող արարածներ են։ Ես այդքանը կարող եմ ասել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: