հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դասական մարտավարությամբ՝ դա հարձակում է. Հովհաննիսյան

Դասական մարտավարությամբ՝ դա հարձակում է. Հովհաննիսյան

Այսօր ճեպազրույցում, անդրադառնալով գիշերը հայ-ադրբեջանական սահմանինն տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ մարտական գործողությունների վերսկսմանը հակառակորդի կողմից, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ շատ դեպքերում մարտական գործողություններն ընթացել են խառը մարտավարությամբ, այսինքն՝  հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են նաեւ ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ: 

՛՛Դրանցից երկուսը ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունը: Դա, դասական մարտավարությամբ, հարձակում է: 100 հոգին  մոտավորապես մի վաշտ է: Եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, սպառազինությունն ու պատրաստությունն էլ շատ ավելի մեծ է:

Վստահ եմ նաև, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, ինչը նշանակում է, որ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են, քան դասական մարտավարական դասագրքերում՛՛,-ասաց նա:

Նա նշեց նաեւ. ՛՛ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի մարզի «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում նշվեց «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը, 100 զինծառայող, մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների գրագետ եւ հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա եւ այլն՛՛:

Հովհաննիսյանի խոսքով՝ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն ընդունել է իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չէ, թե քանի մարդու մասին է խոսքը, եւ ովքեր են:

Արբեջանական կողմն այնուհետև փորձել է հերթական անգամ տապալվելով մարտի դաշտում,  վրեժ լուծել խաղաղ բնակչությունից եւ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը:

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց նաեւ ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունները, թե  իբր հյակական զինուժն օգտագործել է ԱԹՍ, որն իբր իրենք խոցել են:

 

  • Կիսվել: