ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցուցարարների մեջ ինձ բանակից խուսափածներ չեն հանդիպել. Անդրանիկ Քոչարյանը փորձում է վախ տարածել. Տիրան Խաչատրյան

Ցուցարարների մեջ ինձ բանակից խուսափածներ չեն հանդիպել. Անդրանիկ Քոչարյանը փորձում է վախ տարածել. Տիրան Խաչատրյան

Մարդկանց հաշվառման վերցնել, ինչ-որ տեղ կցագրելը այլ կառույցների ֆունկցիաների հետ կապված գործողություններ են. սա Անդրանիկ Քոչարյանի հերթական ոչ ճիշտ պահվածքի դրսևորումն է, որով փորձում է վախի ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որով առաջարկում էր ակցիաներից բերման ենթարկվածներին հաշվառել և ուղարկել զորահավաքների:

«Ես չգիտեմ՝ իր իրական նպատակը որն է, բայց դա ցուցարարների հետ կապելը խոսում է այն մասին, որ դա իր ձեւն է, որով փորձում է բռնանալ մարդկանց կամքի արտահայտման վրա, կամ վախի տակ պահել»,-ասաց նա:

Հարցին, թե ցուցարարների մեջ շա՞տ են չծառայածները, եռամսյա հավաքներին չմասնակցածները, նա պատասխանեց. «Հստակ չեմ կարող ասել, բայց ում հետ ես շփվում եմ այս օրերին, այդպիսի խուսափողներ կամ խուսափածներ չեն հանդիպել ցուցարարների մեջ: Ասեմ ավելին՝ նրանք էն մարդիկ են, որոնք ընդհակառակը, միշտ պատրաստ են եղել հիմա էլ պատրաստ են այս ցույցերը թողնել ու եթե անվտանգության հարցերում կա առաջնահերթություն, ավելի արագ այդ գործին մասնակցել, քան ցույցերին»:

Ինչ վեաբերում է պնդումներին, թե ընդդիմությունն իր գործողություններով վնաս է հասցնում պետությանը, Տիրան Խաչատրյանն ասաց. «Սա կարող է որոշակիորեն դրական ազդեցություն ունենալ քաղաքական հարցերի վրա: Եթե նույնիսկ այսօրվա իշխանությունները թշնամի կողմի հետ երկմտանքի մեջ են, սա կարող է որոշակի ուժ տալ իրենց պնդելու տեսակետ, պահանջ ներկայացնելու կամ թելադրված վիճակից դուրս գալու համար:  Սա ավելի միասնականության տանող երեւույթ է, որը նաեւ պետականությունը ուժեղացնելու համար է նպաստավոր»:

Տիրան Խաչատրյանի խոսքով, ինքն իր ձայնը միացրել է ընդդիմության շարժմանը, քանի որ չի տեսնում, որ գործող իշխանությունները իրենց վարած քաղաքականությամբ, պահվածքով որեւէ ազգանպաստ կամ պետականաշինությանը ուղղված քայլ են անում.

Անդրադառնալով այն քննադատություններին, որ ընդդիմադիրների շարքերում կան առթոռի համար կռիվ տվողներ, Խաչատրյանը ասաց․«Ես ի՞նչ աթոռի կռիվ պետք է տամ, իսկ իմ պաշտոնի հետ կապված շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, որովհետև շատ տաբեր ու հետաքրքիր հարցեր են եղել:

Մենք երկար ժամանակ մոռանալով ամեն ինչի մասին, փորձել ենք լինել իրենց հետ, որ ինչ-որ բան կարողանանք ի նպաստ երկրի անել, բայց չի ստացվում: Իրենք պետք է գնան, որ լինեն կարող ուժեր, մտածող ուժեր, իրենց հնարավորությունները ներդնելով այս վիճակից դուրս բերել»,-հայտարարեց ԳԾ պետի նախկին տեղակալը:

  • Կիսվել: