շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չկարողացա համոզել իմ գործընկերներին. համ էլ՝ որտե՞ղ է երաշխիքը, որ իմ տեսակետը ճիշտ է. Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Չկարողացա համոզել իմ գործընկերներին. համ էլ՝ որտե՞ղ է երաշխիքը, որ իմ տեսակետը ճիշտ է. Հովիկ Աղազարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Այս նախագծին դեմ էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով նախորդ նիստին հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է` այս նախագիծը չընդունվի, սակայն այսօր ինքն էլ կողմ քվեարկեց։

«Չեմ մտափոխվել,  չկարողացա համոզել իմ գործընկերներին։ Խմբակցության որոշումն էր, որ պետք է կողմ քվեարկենք։ Ես խմբակցության որոշմանը հակառակ երբեք չեմ քվեարկի, սակայն ես ամեն ինչ արեցի, հրապարակային ելույթ ունեցա՝ ասելով, որ այդ օրենքը ոչ մի լավ բան չի տալու Հայաստանին, միայն վատ բան է տալու։ Հետևաբար, ես գտնում էի, որ այդ նախագիծը պատրաստ չէր ընդունման։ Բայց, ամեն դեպքում, չկարողացա համոզել իմ գործընկերներին, և ունենք այն, ինչ ունենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը,  թե կողմ քվեարկելով մի նախագծի, որին դեմ է, արդյո՞ք չի նշանակում, որ սկզբունքներին, համոզմունքներին դեմ է գնում՝ Աղազարյանը նշեց.«Իհարկե, ո՛չ։ Որտե՞ղ է երաշխիքը, որ ես անպայման ճիշտ պետք է լինեմ։ Չէ՞ որ քննարկումներ են, բանավեճեր են։ Մենք նաև քննարկումներ ենք անում խմբակցության ներսում։ Եթե ես իմ կարծիքը հայտնում եմ, ես իմ տեսակետը պնդում եմ, բայց իմ գործընկերների մոտ հավանության չի արժանանում, ինչի՞ պետք է ես այն տեսակետին լինեմ, որ իմ կարծիքն ամենաճիշտն է։ Ես կսպասեմ 3-4 ամիս և շատ հանգիստ ցույց կտամ, որ սա անիմաստ օրենք էր և իր բացասական էֆեկտն ավելի շատ է լինելու, քան՝ դրականը։ Այդ մասին հիմա էլ հայտարարում եմ»։

Հովիկ Աղազարյանը վստահ է, որ այն կարգավորումը, որը նախագծով բերել է Հայկ Սարգսյանը, դրանից շատերը չեն օգտվելու.«Մեկ-երկու մարդ է գալու 15 մլն դրամ տա ու բանակից ազատվի։ Մի քանիսն էլ կգա, կծառայի։ Բայց ուրիշ կողմից նայենք։ Մենք գիտենք, որ այսօր  կոռուպցիոն սխեմաներով բանակից ազատվում են։ Այդ կոռուպցիոն սխեմային մենք բարոյական լեգիտիմություն ենք տալիս։  Մենք բացասական մեսիջ ենք տալիս մեր հասարակությանը։ Սա է մեր անհանգստությունը։ Մեկ է՝ ես չեմ պատկերացնում, որ շատ մարդ կօգտվի այդ հնարավորությունից։ Մի քանի ամիս հետո արդյունքները կտեսնենք, թե քանի հոգի է գալու և այդ հնարավորությունից օգտվելու։ Կարծում եմ՝ այնպիսի թիվ է լինելու, որի համար չարժեր նույնիսկ քննարկում ծավալել»։

  • Կիսվել: