ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Չենք կարողանում դուրս գալ». անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը (տեսանյութ)

«Չենք կարողանում դուրս գալ». անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները արդեն 7 ժամ է` շրջափակել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է գերատեսչության աղբյուրը։

«Այսօր ժամը 11-ից մի քանի տասնյակ մարդիկ փակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Հիմա մենք չենք կարողանում դուրս գալ շենքից։ Ոստիկանությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկում»,-նշել է աղբյուրը։

Facebook-ում ակցիայի մասնակիցներից մեկն ուղիղ եթերում խնդրել է անհետ կորածների հարազատներին, ինչպես նաև սրտացավ մարդկանց միանալ ակցիային:

«Այստեղ ավելի ու ավելի շատ ոստիկաններ են հավաքվում, նույնիսկ մեզնից մի քանիսին սպառնացել են, որ եթե մուտքերը չբացենք, ուժ կկիրառեն։ Մենք նրանցից շատ ավելի քիչ ենք, խնդրում եմ` եկեք ՊՆ շենքի մոտ», - ասել է տղամարդը:

Նշենք, որ ո'չ ՊՆ-ից, ո'չ ոստիկանությունից առայժմ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվում:

  • Կիսվել: