ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չեմ ուզում քննարկել, թե ՀԱՊԿ-ի այլընտրանքը որն է, ՀՀ-ն ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս. ՊՆ նախարար

Չեմ ուզում քննարկել, թե ՀԱՊԿ-ի այլընտրանքը որն է, ՀՀ-ն ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս. ՊՆ նախարար

Մի կողմից մենք շարունակել ենք ՀԱՊԿ-ի հետ կապված ինչ-որ քայլեր, գործողություններ անել, պայմանագրեր կնքել, մյուս կողմից երեկ Փաշինյանի ասուլիսում հնչեց տեսակետ, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Դա հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Պաշտպանության նախարարը կիսո՞ւմ է այս տեսակետը, եթե ոչ, բա էդքան պայմանագրերը ինչի՞ համար ենք կնքում: ՀԱՊԿ-ի այլընտրանքն այսօր Հայաստանի համար ո՞րն է»:

«Անկեղծ ասած, ես չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, թե որն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետև, եթե հղում եք կատարում վարչապետի երեկվա ասուլիսին, ապա վարչապետը հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան՝ Հայաստանից են դուրս գալիս, դրանով մենք մտահոգ ենք։ Մենք մեր ընթացիկ աշխատանքները կատարում ենք հավուր պատշաճի և եթե ստորագրվել են համաձայնագրեր կամ կատարվել են աշխատանքներ, կատարողականի շրջանակներում ՊՆ նախարարը դա պարտավոր է զեկուցել»,- պատասխանեց Պապիկյանը

Հարցին անդրադարձավ նաեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով. «Եթե ինչ-որ մեկը գնում է, ո՞վ է մնում, մնում ենք մենք, մեր զինված ուժերը, մեր ուժային համակարգը»:

Գեղամ Նազարյանն էլ նկատեց. «Ցանկությունս է, որ ՀՀ կառավարությունն ու ՊՆ-ն ավելի լրջախոհ լինի այս հարցերում, որովհետեւ սա վերաբերում է Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը»:

  • Կիսվել: