կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2020
Չեմ ուզում մեկնաբանել պարոն Սարգսյանի՝  «Կիսաբաց լուսամուտից» հնչեցրած գնահատականները. Քոչարյան (տեսանյութ)

Չեմ ուզում մեկնաբանել պարոն Սարգսյանի՝ «Կիսաբաց լուսամուտից» հնչեցրած գնահատականները. Քոչարյան (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին տարածած տեսանյութին, որտեղ վերջինս պնդում է, որ Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել:

Մեկնաբանելով նրա այս տեսակետը՝ Քոչարյանն ասաց. ՛՛Ես չեմ ուզում մեկնաբանել պարոն Սարգսյանի վերջին ՛՛Կիսաբաց լուսամուտից՛՛ հնչեցրած տեսակետերը, իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը նշել էր, որ եթե Հայաստանը մի քանի հատ այսպիսի ՛՛հաղթանակ՛՛ տոներ Ապրիլյանի ընթացքում, մենք, հնարավոր է, Արցախը կորցնեինք:

Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը համաձա՞յն է Հարությունյանի այդ տեսակետին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իր գնահատականին կծանոթանանք, երբ լինի Հանձնաժողովի եզրակացությունը:

Նա նաև նշեց, որ չգիտի, թե ինչու է Սերժ Սարգսյանը շտապել գնահատականներ տալ Ապրիլյան պատերազմին, այն էլ՝ Քննիչ հանձնաժողովի գնահատականը հանրությանը ներկայացնելու շեմին:

Քոչարյանը ժամանակից շուտ արված գնահատական համարեց Սարգսյանի կողմից հնչեցված տեսակետները և ասաց, որ, այնուամենայնիվ, եթե Սարգսյանն այդքան շտապում է, իրենք անհրաժեշտության դեպքում փակագծեր կբացեն:

՛՛Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանն իր անհայտության մեջ գտնվող փեսայից վարակված է և իր առանձնատնից հանդես է գալիս Ապրիլյանի մասին գնահատականներով՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի քննադատությանը, թե ներկայիս իշխանությունները չկարողացան օգտագործել Ապրիլյանի արձանագրած ձեռքբերումները՝ Քոչարյանն ասաց. ՛՛Ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը, եթե Ապրիլյանի ժամանակ արձանագրվել են ձեռքբերումներ, և մենք չենք կարողացել օգտագործել, այդ դեպքում Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման առարկան ո՞րն է, լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանը հստակեցներ՛՛:

Նա խոսեց նաև տարածքային կորուստների մասին, անդրադարձավ այն հարցին, որ Սարգսյանը սկզբում 400, հետո 800 հա-ի մասին է խոսել: Լրագրողի դիտարկմանը, թե՝ ըստ Սարգսյանի՝ կորցրած տարածքները ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեին՝ Քոչարյանն ասաց. ՛՛Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախագահը 2300 կամ 2600 հա-ի մասին հնչեցրեց մեկ տարի առաջ: Լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանն ասեր՝ քանի՛ դիրքերի վրա է հարձակում իրականացրել հակառակորդը և ունեցել հաջողություն, և այս պահի դրությամբ հարձակման ենթարկված քանի՛ դիրքեր են գտնվում հակառակորդի տնօրինման տակ, այդ թվերը պիտի հնչեցներ, ոչ թե հեկտարները, այլ դիրքերը: Հուլիսյանի ժամանակ փոքր քանակի դիրքերի մասին է խոսքը, բայց դրանք շատ կարևոր են:

Նախ պետք է գնահատել՝ ինչով սկսվեց և ինչպես ավարտվեց Ապրիլյան պատերազմը: Հուլիսին մենք Նոր Հայաստանում բարելավեցինք մեր դիրքերը, բոլորը նկատեցին, որ մեր ԶՈՒ-ն լուծեց այնպիսի խնդիր, որն Ապրիլյանի ժամանակ իրեն չի հաջողվել՛՛:

Քոչարյանն անդրադարձավ նաև այն բանին, որ Սերժ Սարգսյանը նշել է, թե ապրիլին եղել է անսպասելի հարձակում հակառակորդի կողմից. ՛՛Ի՞նչ անսպասելի հարձակման մասին է խոսում Սերժ Սարգսյանը, նա իր ՛՛Կիսաբաց լուսամուտների՛՛ մեջ ասաց՝ հակառակորդը հազարից ավելի զոհեր է տվել, արտաքին հետախուզության մասին խոսեց, սակայն հանձնաժողովն իրեն հարցեր տվեց, որոնց նա չէր տիրապետում, բայց խոսում է հակառակորդի մասին: Նա պիտի խոսի կոնկրետ փաստերով՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: