հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բաքուն փորձում է վիճակը լարված պահել, խուճապ տարածել, չի եղել դեպք, որ իրենց ագրեսիային չպատասխանենք. պաշտպանության փոխնախարար

Բաքուն փորձում է վիճակը լարված պահել, խուճապ տարածել, չի եղել դեպք, որ իրենց ագրեսիային չպատասխանենք. պաշտպանության փոխնախարար

Ամսի 14-ի գիշերվանից եւ այսօր եւս մենք թեեւ լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Եկեք ես կոնկրետ վայրով չասեմ, բայց վերջին շրջանում, ինչպես բոլորիս հայտնի է, իրավիճակը լարված է, կարող ենք բնորոշել կայուն լարված: 

Սյունիքի մասին չի խոսքը, Արցախի հատվածում է լարվածությունը: Ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի բանակցությունների եւ այլ գործողությունների միջոցով  հնարավոր սադրանքների, հնարավոր էսկալացիայի խնդիրներ չծագեն»,-ասաց նա:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ որեւէ տեղ, ադրբեջանցիների որեւէ առաջխաղացման հետ կապված խնդիր չկա. «Հայաստանում որեւէ բան թաքցնել հնարավոր չէ: Եթե նման խնդիր լինի, անպայման ՊՆ-ն կներկայացնի»:

Դիտարկմանը, որ Սյունիքում Ներքին Հանդի բնակիչները պնդում են, որ ադրբեջանցիները մեկ կմ առաջ են եկել, Արման Սարգսյանն ասաց. «Ես ասում եմ, որ այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, որ խնդիր չկա: Ոչ, Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել, առաջխաղացում չեն ունեցել»:

Ճշտող հարցին, թե միգուցե եղել է նման բան, բայց դուք տեղյակ չեք, քանի որ առավոտից նիստի եք մասնակցում ԱԺ-ում, նա արձագանքեց. «Ես չեմ ասի՝ գուցե եղել է, ես կասեմ՝ եթե նման բան եղած լինի, ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումները համարժեք քայլեր կձեռնարկեն եւ դրա մասին դուք կտեղեկանաք»:

Արման Սարգսյանը նշեց, որ հենց այսօր Արցախի մի քանի գյուղերի հատվածում մենք ունենք հումանիտար խնդիր՝ կապված գազատարի հետ. «Ադրբեջանական կողմի հայտարարությունները ընդհանուր խուճապային, վախի մթնոլորտ ստեղծելու, հայաթափման գործընթաց նախաձեռնելուն միտված քայլեր են: Քայլեր են արվում, որ  լարված վիճակը պահպանվի: Ես առավոտվա դրությամբ կարող եմ ասել, երբ ես եկել եմ նիստի, այդ պահի դրությամբ ես տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է: Մեր ստորաբաժանումները զգոն են, հետեւում են  ընթացքին եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն»:

Հարցին, թե Արցախում ավելի լայն ռազմական գործողությունների վտանգ տեսնում է, նա պատասխանեց. «Ես չեմ կարող բացառել որեւէ սադրանք, որեւէ մեկը չի կարող բացառել: Կապված աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ միգուցե հնարավոր սադրանքներ, քայլեր հակառակորդի կողմից ձեռնարկվեն, սակայն կարող եմ վստահ ասել, որ մեր կողմից որեւէ ագրեսիվ քայլ չի իրականացվում:

Բնականաբար, երբ լինում են բախումներ, իրենք էլ են զոհեր ունենում, չի եղել դեպք, որ իրենց ագրեսիային չպատասխանենք: Ես ասում եմ, որ լարվածության աճին նպաստող որեւէ քայլ մենք չենք անում, սակայն մեր նկատմամբ ագրեսիայի դեպքում ՀՀ-ն ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական քայլեր»:

  • Կիսվել: